ANM Statistics․ Վճարել,  թե՞ չվճարել առցանց համերգների համար - Armenian National Music (anmmedia.am)
ANM Statistics․ Վճարել, թե՞ չվճարել առցանց համերգների համար

Հրապարակվել է՝ Մյս 29 2020, 19:33

Հեղինակ՝ ANM Media
Կորոնավիրուսի համավարակի պատճառով առավելապես տուժեցին կրթությունն ու մշակույթը։ Եթե գրեթե բոլոր երկրներում մյուս ոլորտները կամաց-կամաց վերսկսում են իրենց աշխատանքը, համերգային ակտիվ գործունեության մասին առայժմ չի խոսվում։ 

Եվրոպական երկրներում առցանց վճարովի համերգներ են կազմակերպվում, քանի որ անկախ երաժիշտները զրկվել են իրենց բոլոր եկամուտներից։ 

Իսկ ինչպիսի՞ պատկեր է Հայաստանում։ Հայ երաժիշտներից շատերն առցանց ելույթներ են ունենում, սակայն դրանք վճարովի դարձնելու մասին առայժմ չի խոսք չի գնում։ Իսկ հայ երաժշտասերները պատրա՞ստ են արդյոք վճարել առցանց համերգների համար և դրանով իսկ սատարել իրենց սիրելի երաժիշտներին։ Armenian National Music-ը փոքրիկ հարցում է կատարել՝ պարզելու հայ ունկնդրի կարծիքը առցանց համերգների մասին։ 

Հարցմանը մասնակցել է 605 մարդ, որից գրեթե 50 տոկոսը 23-35 տարեկան է։ Հարցմանը մասնակցած ամենաավագ մասնակիցը 65 տարեկան էր։ Հարցվածների 45,2 տոկոսը «զբաղվածության ոլորտ» բաժնում նշել է մշակույթի ոլորտը, 27.5 տոկոսը՝ կրթության և գիտության, 5.6 տոկոսը՝ սպասարկման, 3.5 տոկոսը ներկայացել է որպես անհատ ձեռներեց, 3 տոկոսն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մնացածը՝ այլ ոլորտներ (հոգեբանություն, տուրիզմ, լրագրություն, գյուղատնտեսություն և այլն)։ 

Ինչ վերաբերում է երաժշտական նախընտրություններին`  ապա հարցվածները հնարավորություն ունեին նշելու մի քանի ժանր։ Արդյունքում՝ առաջին տեղում հարցվածների 79.3 տոկոսը նշել է դասական երաժշտությունը, 48.9 տոկոսը՝ ջազ, 29.8 տոկոսը՝ ժողովրդական, 29.5 տոկոսը՝ հոգևոր, 16.4 տոկոսը՝ գուսանա-աշուղական, հարցվածների 23.6 տոկոսը նշել է երաժշտության այլ ժանրեր (ռոք, բլյուզ, փոփ, տեխնո և այլն)։

Համավարակից առաջ հարցվածների 26.2 տոկոսը տարվա ընթացքում համերգի է գնացել տարին մեկ անգամ, 23 տոկոսը՝ ամիսը մի քանի անգամ, 21.6 տոկոսը՝ ամիսը մեկ,  16.4 տոկոսը՝ ամենա շաբաթ,  9.5 տոկոսը՝ տարին մեկ անգամ։ Հարցվածների 3.3 տոկոսն ընդհանրապես չի գնացել կենդանի համերգների։ Ինչ վերաբերում է առցանց համերգներին, ապա՝ հարցվածների 47.9 տոկոսը երբեմն հետևում է առցանց համերգներին, 43.6 տոկոսը՝ միշտ հետևում է,  7.9 տոկոսը չի հետևում ընդհանրապես, մնացած հարցվածները հետևում են շատ հազվադեպ, կան նաև այնպիսիք, որոնք առհասարակ չէին լսել առցանց համերգների մասին։  

Ինչպես երևում է վիճակագրությունից, հարցվածները պատկանում են հատկապես դասական և ջազ երաժշտության ակտիվ լսարանին։ Իսկ որքա՞ն է հայ ունկնդիրը պատրաստ վճարել սիրելի կատարողին, և առհասարակ պատրա՞ստ է առցանց տիրույթում աջակցել երաժշտարվեստի գործիչներին։ Հարցվածներից շատերը՝ ոչ։ 22.6 տոկոսը չի պատրաստվում վճարել առցանց համերգի համար, 18.7 տոկոսը պատրաստ է վճարել մինչև 1000, 18.4 տոկոսը՝ մինչև 2000, 16.1 տոկոսը՝ մինչև  5000,  12.8 տոկոսը՝ մինչև 3000, 5.6 տոկոսը՝ մինչև 4000 դրամ։ 5.8 տոկոսը տվել է շատ տարբեր պատասխաններ։ Ոմանք գտնում են, որ արտիստն ինքը պետք է սահմանի իր ելույթի գինը, որոշներն էլ կարծում են՝ կախված արտիստից  համերգի գինը կարող է լինել տարբեր։  Մեր հարցվածները հնարավորություն ունեին նաև հայտնելու իրենց կարծիքը առցանց համերգների վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ առաջարկներով։ Բացասական արձագանքողների հիմնական առաջարկը այլ լուծումներ գտնելն է, օրինակ՝ բացօթյա համերգներ կազմակերպել կամ հանդիսատեսի թիվը դահլիճում կրճատել։ Նրանցից շատերը կարծում են, որ չպետք է մոռացվի արվեստի հիմնական նշանակությունը՝  մարդկային ուղիղ հաղորդակցությունն արվեստի հետ,  իսկ առցանց համերգից չեն ստանում դրական լիցքերի անգամ կեսը, նույն արտիստի կենդանի կատարման տեսագրությունը  հնարավոր է լիովին անվճար գտնել նաև համացանցում։ Ունկնդիրը պատրաստ է  վճարել արտիստին աջակցելու, այլ ոչ թե համերգ վայելելու համար։


Պատրաստեց Սոնա Խաչատրյանը