Անցնել բովանդակությանը

· Դասական

Միրզոյանի անվան մրցույթն իներորդ անգամ կհամախմբի պատանի կոմպոզիտորներին

Միրզոյանի անվան մրցույթն իներորդ անգամ կհամախմբի պատանի կոմպոզիտորներին
Մայիսի 10-ից 13-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.,) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված մինչև 2 գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Մրցութային փուլը կանցկացվի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին էլ՝ դարձյալ 17:00-ին, տեղի կունենան գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայնագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների համար:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Միրզոյանի անվան մրցույթն իներորդ անգամ կհամախմբի պատանի կոմպոզիտորներին · Armenian National Music