Անցնել բովանդակությանը

· Նորություններ

«ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը

«ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը
Սեպտեմբերի 12-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆրանսահայ մեծանուն լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ «ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, հայտնում են Ազնավուր հիմնադրամից։

Ներկայացված շուրջ հարյուր լուսանկարների հեղինակը ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն է, որն իր օբյեկտիվում հավերժացրել է 1960-ականներին Ֆրանսիայում և աշխարհում մեծ հռչակ վայելող մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք:

«1960 թվականին Փարիզի «Ալհամբրա» սրահում կայացած հայտնի համերգի ժամանակ Կասպարյանն առաջին անգամ հնարավորություն ունեցավ լուսանկարելու հորս։ Այդուհետ, շնորհիվ սուր աչքի և տեխնիկական վարպետության, նա կարողացավ յուրօրինակ ձևով հավերժացնել Ազնավուրի կյանքի և կարիերայի բազմաթիվ այլ առանցքային պահեր։ Սև ու սպիտակ, թե գունավոր՝ յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է պատմում, փոխանցում մի հույզ, վավերագրում ճշմարտությունը: Թույլ տվեք ձեզ զգալ այդ լուսանկարների հավերժական գեղեցկությունը և ընկղմվել Շառլ Ազնավուրի տիեզերքում՝ շնորհիվ Ռոժե Կասպարյանի տաղանդավոր աչքի»,- ցուցադրության մասին խոսելով՝ նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդեսը հարգանքի տուրք է մատուցում մեծ արտիստին ու ներկայացնում նրա կյանքի պատմության կարևոր շատ դրվագներ: Իսկ Ազնավուրի կենսագրությունը սերտորեն կապված է Փարիզի 9-րդ թաղամասի և հատկապես Նավարեն փողոցի հետ, որտեղ ապրում էր իր ընտանիքը: Ազնավուրը նաև հայ ինքնության դեսպանն էր ու ամուր թելերով կապված էր հայրենիքին, ինչը ևս կարող ենք վերաբացահայտել ցուցադրված լուսանկարների շարքի միջոցով:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև սեպտեմբերի 17-ը։