· Դասական
Ա. Սպենդիարյան 150. արխիվային նյութերի բացառիկ ցուցադրություն
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը լավ առիթ է ևս
մեկ անգամ վերհանելու Սպենդիարյանի ստեղծագործությունների բարձրարժեքությունն ու համամարդկային
նշանակությունը:
«20-րդ դարասկզբին Սպենդիարյանի ստեղծագործությունները հնչում
էին Ռուսաստանում և արևմտաեվրոպական գրեթե բոլոր երկրներում: Կոմպոզիտորի ստեղծագործական
ժառանգությունը հենված է եվրոպական արժեքների վրա: Նա այն իր հետ բերեց Հայաստան՝ մի
ուրույն կամուրջ կառուցելով հայ և եվրոպական երաժշտության միջև»,-ընդգծեց Մարինե Օթարյանը:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի
գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց թանգարանում պահվող և ժամանակավոր
ցուցադրված բնօրինակ նյութերը: Ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել
է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը
և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների,
պարարվեստի գործիչների կողմից: Ներկայացված էին նյութեր՝ նվիրված Սպենդիարյանի ստեղծագործական
ժառանգությանը և համերգային գործունեությանը հատկապես եվրոպական խոշոր քաղաքներում՝
Բեռլինում, Միլանում, Հռոմում, Վարշավայում, Փարիզում, Ռիգայում, Հելսինգֆորսում (Հելսինկի),
որտեղ կոմպոզիտորի կենդանության օրոք հնչել են իր ստեղծագործությունները:
Սպենդիարյանի տուն-թանգարանի
տնօրեն Մարինե Օթարյանն ու Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը բարձր
գնահատեցին միջթանգարանային եռակողմ համագործակցությունը՝ հավելելով, որ նման նախաձեռնությունները
կլինեն շարունակական։