Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի համերգաշրջանը կբացի բեթհովենյան շնչով: Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է դասական կոմպոզիտորական արվեստի հանճարներից ու սիմֆոնիկ երաժշտության հիմնասյուներից մեկի՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյա հոբելյանը: ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգին կհնչի Բեթհովենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ թիվ 5 սիմֆոնիան: Այն կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը, ով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ: Ի դեպ, վերջինս հասցրել է հանդես գալ նաև Հայաստանում ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբերի հետ 2009թ.-ին ու սիրվել մեր ունկնդրի կողմից: Համերգային ծրագրում բացի Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից կհնչի Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը (հայաստանյան պրեմիերա) և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը, որպես մենակատար հանդես կգա Անդրեաս Ֆրյոլիխը: Մ Մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Նելսոնը նշեց, որ վերջին անգամ ՀԱՖՆ-ի հետ ելույթ է ունեցել 11 տարի առաջ և նվագախումբը, իր կարծիքով, շատ է աճել։«Մենք համերգը եզրափակելու ենք Բեթհովենի հիասքանչ սիմֆոնիայով։ Հպարտ եմ այս նվագախմբով, որովհետև Բեթհովենի սիմֆոնիան ճիշտ են ներկայացնում, իսկ այն շատ բարդ է։ Բեթհովենը բարդ, ագրեսիվ և ըմբոստ անձնավորություն էր և այս ամենը արտացոլվում է հինգերորդ սիմֆոնիայում։ Մեծ պատիվ է ելույթ ունենալ նաև Անդրեաս Ֆրյոլիխի հետ աշխատել, մենք երբևէ չենք համագործակցել»,-մամուլի ասաց Նելսոնը։ Անդրեաս Ֆրյոլիխն իր հերթին ավելացրեց, որ բազմիցս ելույթ է ունեցել ՀԱՖՆ-ի հետ, սակայն համերգները միշտ ղեկավարել է Էդուարդ Թոփչյանը և ուրախ է համագործակցել նաևՆելսոնի հետ։ «Երեկ ենք հանդիպել, բայց այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ համագործակցել ենք։ Ես ապրում եմ Բոննում՝ Բեթհովենի ծննդավայրում և նրա հոբելյանն ինձ համար ամեն տարի է, ոչ միայն այս տարի։ Բեթհովենի երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում։ Նա կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Նա միշտ ինձ հետ է»։ Հավելենք նաև, որ 2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը: Նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ: Նշենք նաև, որ փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: