· Դասական
Տոնական գալա-համերգ Լոնդոնում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին և հայ մեծանուն կոմպոզիտորների հոբելյաններին
Նոյեմբերի 15-ին Լոնդոնի սրտում գտնվող պատմական Սուրբ Պողոս եկեղեցում (Վեստմինստեր) տեղի ունեցավ տոնական գալա-համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, ինչպես նաև հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի և Ալեքսանդր Աճեմյանի հոբելյաններին։
Բացման խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Դեսպանն ընդգծեց, որ 1991 թվականին անկախության վերականգնումը վճռորոշ պահ էր երկրի ժամանակակից պատմության և որպես ինքնիշխան պետություն նրա անցած ուղու մեջ։ Նա շեշտեց, որ հայոց լեզվի, մշակույթի և գեղարվեստական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը մնում են ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն հենասյուները։
Անդրադառնալով երեկոյի ընթացքում մեծարվող կոմպոզիտորներին՝ դեսպանը բարձր գնահատեց հայկական երաժշտության մնայուն ավանդը երկրի մշակութային կյանքում և նրա միջազգային ճանաչման գործում, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Սիփան Օլահին՝ բազմամյա հայանպաստ մշակութային առաքելության համար աշխարհով մեկ։ Դեսպան Ներսեսյանն առանձնացրեց նաև մշակութային փոխանակման դերը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և երկու ժողովուրդներին միմյանց ավելի մոտեցնելու գործում։
Հատկանշական է, որ դեռևս սեպտեմբերին բրիտանահայ դիրիժոր, տենոր և պրոդյուսեր Սիփան Օլահը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ 7 համերգ էր կազմակերպել Հայաստանում, Հնդկաստանում և Չինաստանում՝ դրանք նույնպես նվիրելով ՀՀ անկախության 35-ամյակին։
Լոնդոնյան համերգի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։ Նրա ղեկավարությամբ բրիտանացի և բրիտանահայ մենակատարները, «Քլինգեն» կամերային նվագախումբը և «Քլինգեն» երգչախումբը ներկայացրին հայկական երաժշտական արվեստի գլուխգործոցներ։
Ծրագրում ընդգրկված էին Ա․ Բաբաջանյանի դասական և ջազային դաշնամուրային ստեղծագործությունները (այդ թվում՝ հանրահայտ «Նոկտյուրն»-ը և «Երազներ»-ը), ինչպես նաև նրա սիրված երգերը՝ «Արիա Ոկալիզ», «Հեյ, աստղեր», «Ազգ փառապանծ», «Չքնաղ երազ», «Մեր սիրելի Երևան», «Վերադարձրեք ինձ երաժշտությունը»՝ մենակատարների, երգչախմբի և նվագախմբի կատարմամբ։ Հնչեցին Ալ․ Սպենդիարյանի «Երևանյան էսքիզներ»ը՝ հանրահայտ «Էնզելի»-ն և «Հիջազ»-ը, «Ղրիմյան էսքիզներ»-ից՝ չքնաղ «Ղայթարման», ինչպես նաև սիրառատ«Այ վարդը» ռոմանսը։ Հանդիսատեսին ներկայացվեցին նաև Խ․ Ավետիսյանի «Ծաղկած բալենի», Ալ․ Աճեմյանի «Երանի թե» և «Իրիկնային Երևան» սիրված երգերն ու ռոմանսները։ Նվագախմբի նվագակցությամբ հնչեցին նաև Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է» (շեփոր) և «Սերենադ» (տրոմբոն) ստեղծագործությունները։ Այս Ստեղծագործություններից շատերը Մեծ Բրիտանիայում կատարվում էին առաջին անգամ, իսկ գրեթե բոլոր նվագախմբային փոխադրումներն ու գործիքավորումները հատուկ այս համերգի համար կատարել էր մաեստրո Սիփան Օլահը։
Երեկոյի մենակատարներն էին՝ Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Թերեզա Գևորգյանը (սոպրանո), Նարինե Մալխասյանը (սոպրանո), Հելեն Ռոտչելը (մեցո-սոպրանո), Պոլինա Շարաֆյանը (ջութակ), Մարիա Պալազյանը (դաշնամուր), Ջես Մալոունը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) և Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր)։
Համերգի պատվավոր հյուրերի թվում էր դոկտոր Նուբար Աֆեյանը։ Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Լորդերի պալատի անդամներ, մի շարք երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ, Լոնդոնի ավագանու անդամներ, Մեծ Բրիտանիայի Հայկական համայնքային խորհրդի (ACC UK) նախագահն ու հոգաբարձուները, բրիտանական մշակութային կազմակերպությունների ղեկավարներ, Թագավորական երաժշտական ակադեմիայի և Թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսորներ, լոնդոնյան երկու հայկական դպրոցների տնօրեններն ու աշակերտները, ինչպես նաև ավելի քան 400 երաժշտասերներ։
Բացառիկ այս համերգն անցկացվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության, ՀԲԸՄ (AGBU) Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի Հայկական համայնքային խորհրդի (ACC UK), Սբ Սարգիս Եկեղեցվո Ծխական Խորհրդի ինչպես նաև այլ կազմակերպությունների և անհատ աջակիցների շնորհիվ։