Անցնել բովանդակությանը

· Դասական

Ալբան Գերհարդը վարպետության դաս անցկացրեց հայ երիտասարդ երաժիշտների հետ

 Ալբան Գերհարդը վարպետության դաս անցկացրեց հայ երիտասարդ երաժիշտների հետ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նավագախմբի հրավերով Հայաստանում է BBC Music Magazine, International Classical Music Awards (ICMA)-ի մրցանակակիր, անվանի թավջութակահար Ալբան Գերհարդը: Երեկ՝ փետրվարի 7-ին, Ա. Խաչատրյան համերգասրահի «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում Գերհարդն անվճար վարպետության դաս անցկացրեց երիտասարդ, տաղանդավոր հայ թավջութակահարների հետ:  Վարպետության դասին մասնակցեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական, Ավետ Գաբրիելյանի անվան և այլ երաժշտական դպրոցների սաներ Անդրանիկ Աղաջանյանը, Արտյոմ Իոանիսյանը, Նարեկ Հեքեքյանը, Միքայել Կարախանյանն ու Ալեքս Գրիգորյանը: Գերհարդը նշեց, որ հաճելիորեն զարմացած է պատանիների կատարողական վարպետությամբ և տաղանդով:  

Այսօր՝ փետրվարի 8-ին, աշխարհահռչակ թավջութակահարը համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գերհարդը կներկայացնի երբևէ գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի հայտնի Թիվ 5 սիմֆոնիան: