Գերմանացի գիտնականները պլանավորում են 4000 երաժշտասերների միջոցով պարզել, թե ինչպես կարելի է կանխել Covid-19-ի տարածումը փակ համերգներում: Փորձի բոլոր մասնակիցները նախապես պետք է հանձնեն Covid-19-ի թեստ, որի բացասական պատասխանից հետո միայն նրանց կթույլատրվի մասնակցել համերգի։ Միջոցառումը տեղի է ունենալու Լայպցիգի փակ դահլիճներից մեկում՝ օգոստոսի 22-ին։ 18-ից 50 տարեկան մասնակիցներն իրենց պարանոցին պետք է կրեն հատուկ կոնտակտային հսկիչ սարքեր, որոնք հինգ վայրկյան ընդմիջումներով ազդանշան են փոխանցելու և հավաքագրելու են տվյալներ՝ յուրաքանչյուր մարդու շարժումների և հարևանությամբ նստած մյուս մարդկանց միջև շփումների վերաբերյալ: Մասնակիցների ձեռքերը տեղում կախտահանվեն հատուկ լյումինեսցենտ ախտահանիչով, որը թույլ կտա գիտնականներին համերգներից հետո տարածքը ուսումնասիրել ուլտրամանուշակագույն լույսերով և տեսնել «վիրուսի» տարածման հավանականությունը։ Բացի դրանից, գոլորշու մեքենայի միջոցով նախապես փորձ կկատարվի պարզելու, թե ինչպես և ինչ հավանականությամբ «վիրուսը» կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով։ Գիտական փորձն անցկացվելու է երեք սցենարով։ Առաջին սցենարով հանդիսատեսը ներկա կլինի համերգներին, ինչպես դա արվում էր նախավիրուսային ժամանակներում ՝ մտնելով երկու հիմնական մուտքերով և իրար կողք նստած: Երկրորդ ՝ «օպտիմալացված» սցենարով հանդիսատեսը կուտակումներից խուսափելու համար մուտք է գործելու շենք ութ մուտքերով և յուրաքանչյուր երկրորդ նստատեղը փակվելու է: Երրորդ սցենարով հատուկ խիստ ռեժիմի պահպանմամբ միայն 2000 հանդիսատեսի կթույլատրվի մտնել 12,000 տեղանոց համերգասրահ, որտեղ նրանք նստած կլինեն միմյանցից 1,5 մ հեռավորության վրա: Նախագիծը կրում է Restart-19 անվանումը և կարժենա 990,000 եվրո, որը կտրամադրվի Սաքսոնիա և Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգների պետական բյուջեյից: Նախագծի հեղինակները նշում են, որ փորձի հիման վրա կառավարությունը կորոշի հետագայում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու իր նոր քաղաքականությունը։