Կորոնավիրուսի համավարակի պատճառով դեռևս մարտին ընդատված մշակութային ակտիվ կյանքը եվրոպական երկրները նախատեսում են վերսկսել արդեն աշնանը։ Մինչ մյուս երկրները կաթվածահար եղած մշակութային կյանքը վերականգնելու ելքեր են փնտրում, Գերմանիայի մշակութային հաստատությունները կարծես գտել են ելքը։ Ձեզ ենք ներկայացնում գերմանական Berliner Ensemble-ի դահլիճը։ Դահլիճից 700 աթոռներից 500-ը ապամոնտաժվել է։ Արդյունքում՝ բոլոր չորս կողմերից պահպանվում է 1,5 մետր հեռավորությունը։ Միջոցառմանը զույգերով եկած այցելուների համար նախատեսված են զույգ աթոռներ, իսկ միայնակ եկածների համար՝ կենտ։ Փոփոխություն է կատարվել նաև սպասարկման համակարգում։ Բուֆետներում և զուգարաններում կուտակումներից խուսափելու համար համերգներն ու ներկայացումները չեն ընդմիջվի, փոխարենը՝ այցելուները կարող են խմիչքով ներս մտնել դահլիճ, իսկ միջոցառման ընթացքում կարող են դուրս գալ և գնալ զուգարան։ Berliner Ensemble-ը առայժմ չի նախատեսում տոմսերի թանկացում, բայց նաև չի բացառում, որ ֆինանսական խնդիրները լուծելու համար օրվա կտրվածքով մի քանի միջոցառում կկազմակերպվի։ Լուսանկարը՝ Berliner Ensemble / Ingo Sawilla