Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը՝ այսօր

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը՝ այսօր
Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:

Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ.
ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների և օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն)։ 

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Տավուշում՝ Բերդի հրապարակում: Փառատոնի բացօթյա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում ՝Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:

Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ թվով 400 և ավել մասնակից-արտիստ: Այս տարի փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ) , «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Փառատոնին՝ իր կարևոր մասնակցությունն է ունենալու նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: