Անցնել բովանդակությանը

· Դասական

Հիբլա Գերզմավայի առաջին ելույթը՝ Հայաստանում

Հիբլա Գերզմավայի առաջին ելույթը՝ Հայաստանում
Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ մշակութային  իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին՝  Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Երգչուհին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն։ Երևանյան համերգին երգչուհին կկատարի  հայտնի օպերաներից  արիաներ։     

Հիբլա Գերզմավան համերգային ծրագրերով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և ողջ Ռուսաստանում։ Նա երգել է Փարիզի Շատլե թատրոնում և Ելիսեյան դաշտերում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Տեատրո դե Լիսեո օպերայում, Վալենսիայի Ռեյնայում, Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Բունկա Կայկան համերգային սրահում, իսկ Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական բեմում: