Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարի կնշի մի քանի հիշարժան տարեթվեր ու հոբելյաններ։ «Քանի որ հաջորդ տարի «Դիմակահանդեսի» 70-ամյակն է, մենք գնում ենք այդ հոբելյանին ընդառաջ։ Տպագրության է պատրաստվում «Դիմակահանդես» սյուիտի՝ դաշնամուրի համար փոխադրված նոտաները, որի մեջ կընդգրկվեն նաև հետաքրքիր նյութեր դրա ստեղծման մասին»,- ANM-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Իսկ այս տարի թանգարանը և երաժշտասեր հանրությունը կնշի մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտի 70-ամյակը։ «Ցանկանում ենք այդ թեմաներով ցուցահանդես և կոնֆերանս կազմակերպել։ Ցուցահանդեսը կկոչվի «Արամ Խաչատրյան և հայ երաժշտարվեստ․ տարվա հոբելյարներ»։ Տարվա հոբելյարների մեջ կընդգրկենք «Հնգյակից» Ալեքսանդր Հարությունյանին և Ղազարոս Սարյանին, Էդգար Հովհաննիսյանին, Արամ Խաչատրյանի զարմիկներին՝ Կարեն Խաչատրյանին և Էմին Խաչատրյանին»։ Թանգարանն այս տարի չի շրջանցի նաև Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակը։ Դեռ անցած տարի դեկտեմբերին տուն-թանգարանում մեկնարկեց «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը, որի գաղափարը պատկանում է ջութակահար Կարեն Շահգալդյանին,և այն մենք իրականացնում ենք միասին: «Շատ եմ կարևորում այս նախագիծը։ 2020-ին թանգարանում կկայանա ևս ինը համերգ։ Այստեղ հնչում է ոչ միայն Բեթհովեն, այլև իր ժամանակակիցները։ Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից: Համերգները վարում է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը, քանի որ ծրագիրը նաև կրթական նշանակություն ունի։ Նախագծին մանսակցում են տարբեր երաժիշտներ, ինչպես նաև կոնսերվատորիայի ուսանողներ»։ Թանգարանի տնօրենի խոսքով՝ ծրագիրը դուրս կգա թանգարանի սահմաններից և կներկայացվի նաև մարզերում։ Ա. Գրիգորյանը նշեց նաև, որ թանգարանն անցած տարի կարևոր քայլեր է արել տարբեր ուղղություններով։ Հայ օգնության ֆոնդի և Շահան Արծրունու աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվեց համերգասրահի ռոյալը, ինչը շատ կարևոր էր, քանի որ ողջ տարվա ընթացքում այնտեղ համերգներ են կազմակերպվում։ Բազմատեսակ միջոցառումներ տեղի ունեցան, թանգարանի միջավայրերի աշխատակիցներ եկան, հանրահայտ երաժիշտներ։ Այս տարի արդեն կան պայմանավորվածություններ Արամ Խաչատրյանի սաների և այլ երաժիշտների հետ։ Թանգարանի աշխատանքի մեջ ունեն տարբեր նորամուծություններ, որոնց մասին կտեղեկացնեն։ «Նորամուծություններ արվեցին թանգարանի ցուցասրահներում, հետաքրքիր մուլտիմեդիոն հավելվածներ կիրառվեցին թանգարանի ներսում և դրսում՝ «Արլուպա» ընկերության հետ։ Մոտ օրերս լույս կտեսնի 2018 թվականին թանգարանում անցկացված կոնֆերանսի նյութերը, որի շրջանակներում ելույթ են ունեցել ներկայացուցիչներ ինը տարբեր երկրներից»։ Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները տարեց տարի արձանագրում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի զգալի աճ, ինչը չէր կարող չարտացոլվել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկների թվի վրա։ «Միանշանակ ավելացել է և՛ զբոսաշրջիկների, և՛ տեղացի այցելուների թիվը, բայց դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք ու բավարարվենք եղածով։ Ամեն տարի աշխատում ենք մեծացնել այդ թիվը»։ 2019 թվականին թանգարանն ունեցել է 14.000 վճարովի այցելություն։ Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան