Անցնել բովանդակությանը

· Դասական

Հոբոյի միջոցով՝ դեպի երաժշտության սիրտը

Հոբոյի միջոցով՝ դեպի երաժշտության սիրտը
Պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը վերջերս WOMCO կազմակերպության մրցույթներից մեկում արժանացել է Գրան Պրիի։ Այս առիթով իր հետ հարցազրույց է հրապարակվել կազմակերպության կայքում։ Ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը։

Քյոլնի Երաժշտության և Պարի բարձրագույն դպրոցի ուսանող, հայ հոբոյահար Հայկ Հեքեքյանն արժանացել է Գլխավոր մրցանակի Սեն-Սանսի միջազգային երաժշտական մրցույթում։ Նրա տպավորիչ ելույթից հետո WOMCO-ն զրուցեց Հայկի հետ՝ բացահայտելու մրցանակակիր կատարման պատմությունը, երաժշտական ուղին և նրա ստեղծագործական տեսլականը։

- Կարո՞ղ եք պատմել Ձեզ մրցանակ բերած «Լեբրունի հոբոյի կոնցերտ թիվ 1, ռե մինոր»-ի մասին։ Ե՞րբ և որտե՞ղ եք այն ձայնագրել, և ի՞նչն էր պատճառը, որ հենց այս գործն ընտրեցիք Ձեր կատարման համար։

Լեբրունի ռե մինոր կոնցերտը ես բախտ եմ ունեցել նվագելու մի շարք հիանալի նվագախմբերի հետ, ինչպես Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը։ Ես այն սիրում եմ իր գեղեցիկ, մարդկային պատմության համար, որ պատմում է, հարազատ մի միտք լինի ասես, որ կարողանում ես հասցնել ունկնդրին։ Շատ հետաքրքիր, ու մի տեսակ հուզիչ գործ է։

- Ձեր «Լեբրունի հոբոյի կոնցերտ թիվ 1, ռե մինոր» կատարումը ներկայացվել է նվագախմբի ուղեկցությամբ։ Կարո՞ղ եք ներկայացնել այդ նվագախումբը և դիրիժորին, ինչպես նաև պատմել հիշարժան պահերի կամ տպավորությունների մասին փորձերի ու ելույթի ընթացքից։

Այն կատարումը, որ ուղարկել եմ ձեր մրցույթին, կատարել եմ որպես Հայաստանի պատվիրակ՝ «Դասական Եվրատեսիլին» մասնակցելիս՝ Նորվեգիայի Բոդո քաղաքում։ Ինձ համար մեծ պատիվ և հաճույք էր հանդես գալ Նորվեգիայի Ռադիոյի և հեռուստահեռարձակման նվագախմբի հետ, դիրիժոր Էյվինդ Աադլանդի նրբանկատ ղեկավարությամբ։
Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, ազգային և արտերկրյա ժյուրիի անդամներին՝ Հայաստանը միջազգային բեմում ներկայացնելու պատիվն ինձ վստահելու համար։
Ես անմոռանալի օրեր ու հույզեր ապրեցի, ինչի համար անչափ շնորհակալ եմ։

- Կպատմե՞ք Ձեր մասին, Ձեր երաժշտական ճանապարհի և ապագա նպատակների մասին։ Եվ նաև՝ ի՞նչում է, Ձեր կարծիքով, կայանում հոբոյահարի կարևորությունը մերօրյա թվային դարում, և ո՞րն եք համարում երաժշտի գլխավոր ստեղծագործական կամ մասնագիտական մարտահրավերն այսօր և առաջիկա տարիներին։

Հոբոյի առաջին և կարևոր քայլերն արել եմ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այս հարազատ կրթօջախս երկար տարիների գեղեցիկ ավանդույթներով դպրոց է, որը վերջին 20 տարուց ավելին ղեկավարում էր հայրս, ով կարողացավ հաստատությունը հասցնել աննկարագրելի բարձունքի և հաջողության։ Ի թիվս իր կատարած բազմաթիվ նորամուծությունների, նա հրավիրեց դպրոց՝ աշխատելու հանրապետության լավագույն երաժիշտներին, այդ թվում՝ հոբոյի ուսուցչիս՝ Հարություն Շախկյանին, ում ես պարտական եմ իմ ունեցած գիտելիքների, գեղեցիկ ու հաջողակ ճանապարհիս համար, որ ունեցա որպես հոբոյահար։
Այժմ սովորում եմ Քյոլնի Երաժշտության և Պարի բարձրագույն դպրոցում, Քրիստիան Վետցելի դասարանում, որ հիանալի, բացառիկ մասնագետ է, ջերմ ու արդեն՝ շատ հարազատ դարձած մարդ։ Անչափ երջանիկ եմ, որ կյանքն ինձ տվեց իր հետ շփվելու, իրենից սովորելու հնարավորություն։ Սպասում եմ անհամբեր այն նոր մասնագիտական հեռանկարներին, որ սպասում են ինձ պրոֆեսոր Վետցելի դասարանում։

Մասնագիտությանս ընտրության հարցում անշուշտ պարտական եմ ծնողներիս, հայրիկիս՝ խմբավար, աշխարհի երգչախմբային արվեստի շրջանակներում հայտնի Տիգրան Հեքեքյանին, դաշնակահարուհի, միջազգային մրցույթներում հաղթած հիանալի մանկավարժ մայրիկիս՝ Մարինե Մարգարյանին։ Ես նրանց շատ շնորհակալ եմ։
Հոբոյը բացելուս առաջին պահից սիրել եմ այս յուրահատուկ ձայնով գործիքը։ Այն ներառված է Գինեսի գրքում՝ որպես աշխարհի ամենաբարդ երաժշտական գործիք, և ես հավատում եմ, իր յուրահատուկ տեսակով այն կոփում և կերտում է մարդու ներսը, դարձնում նրան ուժեղ, համառ, աշխատասեր, ամենից շատ՝ համառ։ Անչափ հավանում եմ մի ընտանիքի պես իրար գտնելու, օգնելու՝ աշխարհի հոբոյահարների սովորույթը։ Մենք երաժշտական մեծ ու հարուստ գունապնակի մի շատ կարևոր գույն ենք, այդ պատկերի աղը։ Հպարտ եմ ու շնորհակալ, որ այդ մեծ ու հզոր թիմի մասնիկն եմ։ Հիանալի զգացողություն է։

Հա, պատմեմ նաև, որ 3 տարեկանից գրեթե մինչև 18-ը երգել եմ հայրիկիս ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» անվանի երգչախմբում։ Նրա կազմում եղել եմ աշխարհի տասնյակ երկրներում, բարձրացել ամենամեծ ու հայտնի բեմերը։ Երգչախումբս ինձ տվել է կարգապահություն, ընկերության, ուս-ուսի լինելու զգացողություն, նպատակասլացություն եմ էստեղ սովորել, դե, իսկ հիանալի երաժիշտ հորս ձեռքի շարժումների հետ էլ մանկուց ներարկվել եմ մեղեդին ճիշտ ու բնական կառուցելու գիտելիքներով, որ ուղղակի անգնահատելի են։

- Կուզե՞ք պատմել Ձեր փորձի մասին՝ մեր մրցույթին մասնակցելու ընթացքում, և արդյո՞ք կա մեկը, ում ցանկանում եք շնորհակալություն հայտնել։

Մրցույթների մասնակցում եմ ուժերս փորձելու, նաև կատարումներս մասնագետների դատին հանձնելու, լայն ունկնդրին հասու դարձնելու հնարավորությունից ոգևորված։ Երջանիկ եմ, երբ հաջողվում է բարձր գնահատանքի արժանանալ, երբ լավ արձագանքներ եմ ստանում։
Քանի որ երաժշտությունն ընկալում եմ որպես մարդկանց սեր ու բարի մտքեր, գոտեպնդման, սփոփանքի խոսքեր ասելու հիանալի միջոց, երջանկանում եմ, երբ ունենում եմ մեծ թվով մարդկանց հետ երաժշտության լեզվով խոսելու առիթ։