Անցնել բովանդակությանը

· Դասական

Կարեն Դուրգարյանը նշանակվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար

Կարեն Դուրգարյանը նշանակվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին, հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը։ 

Արա Խզմալյանն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին:

Նախարարի տեղակալը շնորհավորել է Կարեն Դուրգարյանին կարևոր, սակայն բարդ և պատասխանատու կառույցը ղեկավարելու համար և մաղթել արգասաբեր աշխատանք: «Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում:

Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել Կարեն Դուրգարյանին մասնագիտական և անձնական առաջնահերթություններ փոխելու արդյունքում օպերային թատրոնը ղեկավարելու համաձայնության համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար:

Լուսանկարը՝ Եկատերինա Սերգիենկոյի