· Ժողովրդական
Ոչ մի գիւղացի, տանը նստած, կալի երգ չի ասի․Կոմիտաս
Կոմիտաս վարդապետն ավանդական երաժշտության հավաքումը, դասակարգումը և ուսումնասիրությունը գիտական հիմքերի վրա դրեց: Նա աշխարհում առաջին երաժշտական ֆոլկլորագետներից է: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նա պարբերաբար մեկնել է տարբեր բնակավայրեր` հավաքելով ավանդական երաժշտության նմուշներ: Նախապատվությունը տալիս էր խուլ գյուղերում գրառված երգերին, քանի որ այնտեղ օտար ազդեցությունները քիչ են, և երգը պահպանվում է իր անաղարտ վիճակում: Այս աշխատանքը շատ դժվար էր, քանի որ գյուղացիները հրաժարվում էին երգել երգի իրական միջավայրից դուրս, պարզապես գրանցելու համար: Ըստ Կոմիտասի. «Շատ դժվարութիւնով կամ ամենեւին չեն երգում, նոյնիսկ ծաղր են անում, եթէ մի ոչ գյուղացի խնդրէ, որ, օրինակ, մի շինականի երգ ասեն, երբ գործի չեն, այն էլ` տանը: Ժողովուրդն արուեստական երգեցողութիւն ասած բանը չը գիտէ: Իւրաքանչիւր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում: Ոչ մի գիւղացի, տանը նստած, կալի երգ չի ասի. որովհետեւ կալերգն ստեղծելու եւ ասելու տեղն է կալը» («Հայ գեղջուկ երաժշտութիւն», Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, Գիրք Ա, էջ 377):
Հաղթահարելով դժվարությունները` Կոմիտասին հաջողվել է գրառել և այդպիսով մոռացումից փրկել հայ ավանդական երաժշտության հազարավոր նմուշներ: Այդ թվում են հայ հոգևոր ու ժողովրդական երաժշտության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Մոկաց Միրզա» վիպերգը, «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, «Կռունկը» և այլ պանդխտության երգեր, «Լոռվա գութաներգը» և աշխատանքային այլ երգեր, «Տիրամայրն» խաչելության ողբը, Գրիգոր Նարեկացու տաղերը և այլն:
Նյութը տրամադրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Նկարը՝ Ալեքսանդր Գրիգորյան - «Մշո հորովել»
(Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից)