· Նորություններ
Կոմիտասի Պատարագը Սուրբ Ղազար կղզում՝ «Գեղարդ» և «Սաղմոսերգու» երգչախմբերի մատուցմամբ
2026 թվականի սեպտեմբերին «Գեղարդ» և «Սաղմոսերգու» երգչախմբերը հանդես եկան համատեղ ծրագրով Իտալիայում՝ այն նվիրելով Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Այս նախաձեռնությունը միավորեց երկու երաժշտախմբերի փորձառությունն ու գեղարվեստական մոտեցումները։ «Գեղարդ» երգչախումբը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Մհեր Նավոյանը, նվիրված է հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրմանը, արժևորմանն ու տարածմանը։ 2012 թվականին Վահե Բեգոյանի ջանքերով հիմնադրված «Սաղմոսերգու» արական երգչախումբն իր հերթին կենտրոնանում է հայկական հոգևոր երգեցողության, մասնավորապես վանական երգեցողության կատարողական սկզբունքների վրա։
Հյուրախաղերի գլխավոր հանգրվաններից մեկը դարձավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանության պատմական կենտրոնը։ Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առթիվ, երկու երգչախմբերը միացյալ կազմով երգեցողությամբ մասնակցեցին Սուրբ Ղազար եկեղեցում մատուցված գոհաբանական Սուրբ Պատարագին։ Առաջին անգամ միասնական երկսեռ երգչախմբով կատարվեցին Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ երգչախմբի համար ներդաշնակված Սուրբ Պատարագի երգերը։
Շրջագայության ծրագրում ընդգրկված էին նաև ելույթներ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում և Պադովայում, որոնց միջոցով ունկնդրին ներկայացվեց հայկական հոգևոր ու աշխարհիկ երաժշտությունը։
Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո