Անցնել բովանդակությանը

· Դասական

Հանրահայտ «Կուս» լարային քառյակը Երևանում հանդես կգա մի քանի նախագծերով

Հանրահայտ «Կուս» լարային քառյակը Երևանում հանդես կգա մի քանի նախագծերով
Գերմանական հանրահայտ «Կուս» լարային քառյակը կժամանի Հայաստան և հանդես կգա մի քանի ծրագրերով։ Հունիսի 17-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում տեղի կունենա քննարկում քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ:

Քառյակը հունիսի 18-ին, ժամը 19։00-ին համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ և փոխկապակցվածությամբ։ Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։
Ծրագրի կոնցեպտուալ տարածքում կարմիր գծով անցնում է ճգնաժամի գաղափարը։ Ընտրված ստեղծագործությունները գրելիս կոմպոզիտորները որոշակի կերպով գտնվել են քաղաքական, սոցիալական, պատմական կամ անձնական ճգնաժամային իրավիճակում։

Բացի դրանից, կկայանա կամերային անսամբլի վարպետության դասեր: Միաժամանակ կընթանա 4 վարպետության դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։ Քառյակների մասնակցությունն ու ունկնդիրների մուտքն ազատ է: Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։
Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Քառյակի անդամներն են. Յանա Կուս (ջութակ), Օլիվեր Ուայլ (ջութակ) Ուիլիամ Քոլման՝ (ալտ), Միքայել Հախնազարյան (թավջութակ):

Կուս քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երկացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ: Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի: 2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց Ստրադիվարիուսի լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները: 2019թ-ին Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով Կուս քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը: