Մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք. Կոմիտասի նամակը Թումանյանին - Armenian National Music (anmmedia.am)
Մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք. Կոմիտասի նամակը Թումանյանին

Հրապարակվել է՝ Հնս 11 2020, 19:26

Հեղինակ՝ ANM Media
Ձեզ ենք ներկայացնում Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին, որտեղ նա գրում է «Անուշ» օպերայի ստեղծման աշխատանքների մասին: 

«Սիրելի՛ Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել: Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը: Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով՝
քո Կոմիտաս» 
8 հունիս, 1908 թ., Ս. Էջմիածին