Կոմիտասի թանգարան-ինստիտուտին կնվիրվի Վարդապետի ձեռագիր նամակը - Armenian National Music (anmmedia.am)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտին կնվիրվի Վարդապետի ձեռագիր նամակը

Հրապարակվել է՝ Դկտ 11 2019, 17:42

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16։00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին կնվիրի Վարդապետի ձեռագիր նամակը՝ ուղղված Նիկողայոս Տիգրանյանին, Սուրբ Էջմիածնից։

Այն 1981 թվականին որոշ նյութերի հետ Սպենդիարյանի տուն-թանգարանին է նվիրել Նիկողայոս Տիգրանյանի ազգական և ընկեր, երաժշտագետ Միքայել Տերյանը։ Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Կոմիտաս Վարդապետի 150-ամյակը, Սպենդիարյանի տուն-թանգարանը միջթանգարանային համագործակցության շրջանակում այս նամակը փոխանցում է Կոմիտաս թանգարան-ինստիտուտին՝ համալրելով նրա ֆոնդը։

Նամակը տպագրվել է «Կոմիտաս Վարդապետ. Նամականի» Երաժշտական մատենաշարում (կազմող՝ Գուրգեն Գասպարյան)։ Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից՝ Հասմիկ Բաղդասարյանի (սոպրանո) և Մարինա Վարդանյանի (դաշնամուր) կատարմամբ: