Անցնել բովանդակությանը

· Դասական

Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հայտնի Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։

Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է ունեցել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։

Նկարահանումներ են կատարվել Հայաստանի այն վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։

20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է, որտեղ են հեռարձակվում են հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգներ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։

Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի նաև Հայաստանում իրականացվող հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում է նաև Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ համագործակցությունը. ներկայացվում է Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը՝ հայ մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին և երաժշտական մենեջերներին։