Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) նախաձեռնությամբ աշխարհահռչակ «Naxos» ընկերության «New Focus Recordings» ապրանքանիշը թողարկել է «Modulation Necklace» հայ ժամականակից ակադեմիական երաժշտության ձայնասկավառակ: Ինչպես նշված է համալսարանի կայքում, սկավառակը լույս է տեսել բուհի հայ երաժշտության ծրագրի շրջանակներում: Արժեվորելով հետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծած երաժշտական ժառանգությունը, սկավառակը ներկայացնում է կոմպոզիտորներ Արթուր Ավանեսովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Արտաշես և Աշոտ Քարթալյանների ստեղծագործությունների ընտրանին: Ձայնագրությանը մասնակցել են ՎԵՄ անսամբլը, Սքոթ Սենթ Ջոնը, Անտոնիո Լիսին, Վարդի Մանուելյանը, Մովսես Պողոսյանը, Կատիս Բուքինգհեմը, Դաստին Դոնահյուն, ինչպես նաև UCLA շրջանավարտներ Չարլզ Թայլերը և Նեիլ Ֆերգյուսոնը: Ստեղծագործությունները ընդգրկվել են «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարում, LARK երաժշտական ընկերության, ՎԵՄ անսամբլի Հայկական երաժշտության ծրագրերում: Ալբոմը բարձր է գնահատել New Focus Recordings-ի նախագահ Դեն Լիպելը: «Ջութակահար Մովսես Պողոսյանը հավաքել է Հայաստանի ժամանակակից երաժշտության այս լուսավոր հավաքածուն՝ բացահայտելով աշխույժ երկացանկ, որի գեղագիտությունը նույնքան ակնհայտ է, որքան դարավոր մշակույթը»: