Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

Գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է
2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը: Այս կապակցությամբ թանգարանի և մասնաճյուղերի ծրագրերն ու միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է» խորագրի ներքո:

Ինչպես նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում, հոբելյանական տարվա միջոցառումների հիմնական շեշտադրումը կլինի աշնանը՝ առանցքում ունենալով հոբելյանական համերգն ու գիտաժողովը: Նախատեսվում է համերգային ծրագիրն իրականացնել Արամ Խաչատրյան համերգասրահում: Առաջիկայում երաժիշտներից, խմբավարներից կազմված մասնագիտական խումբը կայցելի թանգարան՝ ուսումնասիրելու թանգարանի երաժշտական ֆոնդերը և աշնանը տեղի կունենա թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված  համերգային ծրագիր:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է նշել Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, որի պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև թանգարանի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Սպենդիարյանի հարուստ արխիվը պահպանվում ու մշակվում է Գրականության և արվեստի թանգարանում: Հաշվի առնելով այս ամենը՝ թանգարանի միջոցառումները կլինեն տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ Սպենդիարյանի տուն թանգարանի հետ համագործակցությամբ: