Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Հյուրախաղերին ընդառաջ «Նաղաշ» անսամբլը ելույթ կունենա Երևանում

Հյուրախաղերին ընդառաջ «Նաղաշ» անսամբլը ելույթ կունենա Երևանում
Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում և Լեհաստանում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը համերգով հանդես կգա Երևանում։ Այն տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգին անսամբլը կներկայացնի իր «Երգեր իմաստության» շարքը։

Կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնած անսամբլը միավորում է հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը նոր դասական երաժշտության և ժամանակակից հետմինիմալիզմի, ռոքի և ջազի էներգիայի հետ: Համերգին կհնչեն նաև Հոդյանի ստեղծագործությունների պրեմիերաներ։

«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։

«Նաղաշ» անսամբլի կազմում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Հարություն Չքոլյանը (դուդուկ, շվի, պկու), Արամայիս Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը, (դհոլ, դափ), Ջոն Հոդյանը (կոմպոզիտոր, դաշնամուր)։