«Տաղարան»-ը և Երևանի պետական կամերային երգչախումբը կբացեն Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանը  - Armenian National Music (anmmedia.am)
«Տաղարան»-ը և Երևանի պետական կամերային երգչախումբը կբացեն Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանը

Հրապարակվել է՝ Օգս 31 2020, 10:39

Հեղինակ՝ ANM Media
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում։ Բացօթյա համերգով  հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):  

Համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Միջոցառմանը հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Երեկոյի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։  

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ու իր 5 երաժշտախմբերը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դժվարություններին, շարունակել են ակտիվ գործունեություն ծավալել առցանց հարթակներում, ներկայացնելով կրթական ծրագրեր, լավագույն համերգների և ելույթների տեսագրություններ, իրականացրել այլ նախաձեռնություններ։ ԿԵԱԿ երաժշտախմբերը փոքր կազմերով հանդես են եկել Մայրության և գեղեցկության օրվան նվիրված, Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված «Ոգեկոչման գիշեր», «Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին» բուժաշխատողի օրվան նվիրված համերգներին: