Անցնել բովանդակությանը

· Դասական

«Շառլ Ազնավուր – 100»․ Կամերային նվագախումբը հյուրախաղեր կունենա Եվրոպայում

«Շառլ Ազնավուր – 100»․ Կամերային նվագախումբը հյուրախաղեր կունենա Եվրոպայում
Հոկտեմբերի 16-31-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Շառլ Ազնավուր – 100» խորագրով համերգային շրջագայություն կունենա։

Հյուրախաղերի նպատակն է հարգել Ազնավուրի հիշատակը, ներկայացնել նրա ստեղծագործական ժառանգության լավագույն նմուշները և վերապրել այն հույզերն ու սերը, որ շանսոնյեն ոգեշնչում էր սերունդներին: Համերգային շրջագայությունը կընդգրկի 6 երկիր և 9 քաղաք։ ,Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով, որոնք նոր շունչ կհաղորդեն նրա հայտնի երգերին:
Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ազնավուր, Կոմիտաս, Ամիրխանյան, Մանսուրյան, Ալթունյան և Ահարոնյան:

Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա), մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր):

Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը։ Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):

Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ: Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան: