Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Ստեղծվել է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ստեղծվել է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 16-ին կայացած նիստի որոշման համաձայն՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությունը, «Հայաստանի պարար­­վեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական համույթներ, որոնք գործում էին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվա­գարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:

Ինչպես նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ միավորման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության սեփական եկամուտների մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը: Սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:

Լուսանկարում՝ Հայաստանի պարի պետական անսամբլ