Անցնել բովանդակությանը

· Դասական

Կոմիտասի գրադարանը. նոր ցուցադրություն

Կոմիտասի գրադարանը. նոր ցուցադրություն
Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրության պաշտոնական բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ։

Ցուցադրությունը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի և վավերագրերի հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը:

Կոմիտասի գրադարանը բաղկացած է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերենգրքերից: Այն ներառում է նաև հարմոնիայի, պոլիֆոնիայի, ձայնամարզության, դաշնամուրային նվագի, գործիքագիտության, կոմպոզիցիայի, խազաբանության, երաժշտական երկի ձևի ու բովանդակության, դիրիժորական ու խմբավարական արվեստի մասին ուսումնական ձեռնարկներ, երաժշտության պատմությանը նվիրված աշխատություններ, ինչպես նաև երաժշտական բառարաններ, բազմաթիվ ամսագրեր՝ հրատարակված Միջազգային երաժշտական ընկերության կողմից։

Նախագիծն իրականացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունն ու ՅՈՒՆԻՔ Հայաստանյան կլաստերը: Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։ Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան։