Օպերային թատրոնի նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարարին - Armenian National Music (anmmedia.am)
Օպերային թատրոնի նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարարին

Հրապարակվել է՝ Փտվ 17 2020, 15:10

Հեղինակ՝ ANM Media
Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Բաց նամակն իր էջում հրապարակել է նվագախմբի երաժիշտ Շմավոն  Գրիգորյանը։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի ՛ պարոն Հարությունյան,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և տնօրինության միչև առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններն ու խոստումներն են: Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ: 2017 թ.-ից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել Աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի Աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները ) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար և մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործի նվիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեկիական թատրաոնի պատվի և համբավի մասին, մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որևէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն:

Տեղեկացնում ենք նաև թատրոնում առկա ֆինանսական ևս մեկ խնդրի մասին: Խոսքը դեռ նախորդ տարվանից մեզ չվճարված հոնորարներն են, որոնք նախատեսված են եղել «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման համար: Վճարումները կատարվել է մասնակի՝ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը:

Օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս կողմից բարձրացված այս խնդիրներին ի պատասխան օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման: Վերջինս ոչ այլ ինչ է, քան երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելով վերոնշյալ ֆինանսական խնդրի շուրջ բարձրացված աղմուկը լռեցնել: Նախապես հայտնում ենք մեր երախտիքն ու շնորհակալությունը և խնդրում ենք հետևողական լինել այս խնդիրներին: Ա. Սպենիդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ»:

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի