Անցնել բովանդակությանը

· Դասական

ԵՊԿ նվագախումբը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում

ԵՊԿ նվագախումբը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում
Հունիսի 14-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմում էր ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԵՊԿ հանրային կապերի բաժինը։ 

Հայ և համաշխարհային անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով զուգորդված համերգը նվիրված էր կոնսերվատորիայի հիմնադրման հարյուրամյա հոբելյանին։

Համերգի ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հոլովակը Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Ավե Մարիա» երգի հիման վրա։ Հոլովակում ստեղծագործությունը հնչում է համաշխարհային օպերային աստղ, սոպրանո Ռուզան Մանթաշյանի ձայնով, նվագում են ԵՊԿ Սարաջևի անվան նվագախումբը և դաշնակահար Կարեն Անանյանը։ Հոլովակում հնչում են նաև «Հայաստանի փոքրիկ երգիչների» ձայները (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան, խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան)։ Նկարահանումներն իրականացվել են ԵՊԿ օպերային ստուդիայում։ Ցուցադրության ավարտին բեմ բարձրացավ Ռուզան Մանթաշյանը և նվագախմբի ու ունկնդրի շարքերում նստած «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ միասին կենդանի հնչողությամբ կատարեց երգի մի հատված։


Համերգին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, դեսպանության երկրորդ քարտուղար տիկին Ռիկա Օնոդերան, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբաին։

Լուսանկարը՝ Թինա Գևորգյանի / ԵՊԿ