Անցնել բովանդակությանը

· Դասական

Կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը

Կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը
Կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր, «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի երգչախումբը ներառական է. երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Ստեղծագործական կայացման երկար ուղի անցած երգչախումբը ստեղծվել է երեսուն տարի առաջ՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց հոգեբանական ռեաբիլիտացիան ապահովելու համար:

Արդեն այսօր «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս»-ը երկրում մեծ ճանաչում ունի: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոս»-ը կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի և արտերկրի մեծ բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)՝ դրսևորելով բարձր պրոֆեսիանոլիզմ և խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոս»-ն իր օրինակով լիարժեք ապրելու և ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է, այլև ապրեցնելու ուժ ունի:

«Փարոս»-ի հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Խումբը կատարել է Կոմիտա­սի, Մ. Եկմալյանի, Հ. Օդաբաշյանի, Գ. Օրբանի և այլ հեղինակների ստեղծագործություններից, հնչել է նաև Կ. Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիայի ֆինալը։ Համերգին մասնակցել են օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, «Արևային զանգակները», Արցախի պետական երգչախումբը և Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը։

«Փարոս»-ի հոբելյանական համերգը կազմակերպվել է Արցախից բռնի տեղահանված, հաշմանդա­մություն ունեցող մեր հայրենակիցներին աջակցելու համար: Երգչախմբի աջակիցն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը։