«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կբացվի մարտի 26-ին - Armenian National Music (anmmedia.am)
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կբացվի մարտի 26-ին

Հրապարակվել է՝ Մրտ 06 2020, 10:04

Հեղինակ՝ ANM Media
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտն է և թիվ 4 սիմֆոնիան: 

2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը: Նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը:

Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ: Նշենք նաև, որ փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ:

Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: