Անցնել բովանդակությանը

· Դասական

Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ լեհական համերգի ընթացքում (2000+)

Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ լեհական համերգի ընթացքում (2000+)
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ 2000+ համերգաշարի թվով երկրորդ համերգը՝ նվիրված լեհական 21-րդ դարի երաժշտությանը: Համերգի գործընկերն է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը:

«Ուղիղ տասը տարի առաջ, 2011 թ. կայացավ մեր և Լեհաստանի դեսպանության հետ համատեղ առաջին համագործակցությունը, որի արդյունքում Հայկ Մելիքյանը “1900+” նախագծի շրջանակում հայ ունկնդրին ներկայացրեց լեհական 20-րդ դարի երաժշտությունը՝ մասնավորապես լեհական այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Լուտոսլավսկին, Շիմանովսկին, Գուրեցկին, Բացևիչը և այլոք: Հետագայում իհարկե չէինք կարող չանդրադառնալ Շոպենին, Խաչատրյանի և Լուտոսլավսկու հոբելյաններին։ Ուրախ ենք այս անգամ մեր ունկնդրին ներկայացնել Լեհաստանի այսօրվա երաժշտությունը: Շնորհակալ ենք Ն. Գ. պարոն Պավել Չեպլակին՝ նրբանկատ և նվիրված մոտեցման համար»,- նշում է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:

«Շատ հետաքրքիր գործընթաց էր հենց համերգի նախապատրաստական փուլը. առցանց հարթակում բուռն հաղորդակցություն սկսվեց իմ և լեհ կոմպոզիտորների հետ, ծանոթացա նրանց ստեղծագործություններին, գաղափարներին, լսեցի նրանց մեկնաբանություններին՝ իրենց իսկ գործերի վերաբերյալ: Համերգի ընթացքում երկու ավագ սերդնի ներկայացուցիչների՝ Պենդերեցկու և Մեյերի պիեսներից կկատարեմ, ինչպես նաև մեծամասամբ նոր սերդնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կհնչեն առաջին անգամ՝ Վոյչեխ Վիդլակ, Մարցին Ստանչիկ, Դոբրոմիլա Յասկոտ, Պավել Մալինովսկի և Պավել Լուկաշևսկի: Հավելեմ, որ հատուկ ստեղծագործություն եմ գրել այդ միջոցառման համար, կլինի համաշխարհային պրեմիերա՝ Երեք երաժշտական ակնթարթ՝ Հենրիկ Գուրեցկու հիշատակին»,-պատմում է Հայկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ 2000+ դաշնամուրային երաժշտության համերգաշարը մեկնարկել է 2020 թ. հուլիսի 14-ին՝ Հայաստանում Ֆրանսիական հանրապետության դեսպանության հետ համատեղ ներկայացնելով ֆրանսիական 21-րդ դարի երաժշտություն: Համերգաշարի հիմնադիրն է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Հայկ Մելիքյանը: Նախագիծը միտված է Հայաստանում ներկայացնել տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը: