Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայտնի է Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը

Հայտնի է Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը
2022 թ․ լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում Հայաստանում և արտերկրում անցկացվելու են հոբելյանական միջոցառումներ: Այս կապակցությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամներ հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել են մաեստրոյին նվիրված միջոցառումների ողջ ցանկը։

Ինչպես նշված է ԿԳՄՍ նախարարության կայքում, Վահան Վարդապետյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ընթացքը, ծրագիրը, որը նախապատրաստվել է 4 տարի առաջ և գաղափարը խրախուսվել է Կառավարության կողմից:

Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Այս համերգով կմեկնարկի նաև Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն ամբողջությամբ նվիրված կլինի դիրիժորին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:

Գետիկ Բաղդասարյանը կերտում է Դուրյանի արձանը, որը պետք է տեղադրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին արխիվային բացառիկ տեսանյութեր են հրապարակվելու, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Այն եթեր դուրս կգա նոյեմբերի վերջին: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը ևս Օհան Դուրյանին վերաբերող հարուստ նյութ ունի: Նրա ձայնագրությունների մեծամասնությունը գտնվում է հանրային ռադիոընկերությունում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Ըստ գործադիր տնօրենի՝ Գարեգին Խումարյանի՝ շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն: