Ատեստացիա հոնորարի փոխարե՞ն․ Օպերային թատրոնում նորից կրքեր են բորբոքվել - Armenian National Music (anmmedia.am)
Ատեստացիա հոնորարի փոխարե՞ն․ Օպերային թատրոնում նորից կրքեր են բորբոքվել

Հրապարակվել է՝ Փտվ 13 2020, 18:25

Հեղինակ՝ ANM Media
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկին ոչ ստեղծագործական կրքեր են բորբոքվել։ Այս անգամ պատճառը  նվագախմբին չվճարած հոնորարներն են։ Անցած տարի թատրոնում տեղի է ունեցել «Բյուրեղապակյա դղյակ» բալետի հայաստանյան պրեմիերան։ «Սկզբում նշվում էր, որ բալետը խաղացանկային է, այնուհետև՝ կոմերցիոն։ Պրեմիերայից հետո իմացանք, որ բալետի արտիստներին վճարել են, իսկ մեզ՝ ոչ։ Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ։ Նրանք բացատրեցին, որ հովանավորը պայմանագիրը կնքել է թատերախմբի ներկայացուցիչներից մեկի հետ և գումարը բաժանվել է բալետի արտիստների միջև։ Մենք էլ պահանջեցինք մեր հասանելիք գումարը, որովհետև խտրական վերաբերմունք է դրսևորվել։ Հիմա պահանջում  ենք, որ մեզ հիմա վճարեն, որպեսզի մյուս ներկայացումը նվագենք։ Կտաք՝ կնվագենք»,-ANM-ի հետ զրույցում ասաց նվագախմբի երաժիշտ Շմավոն Գրիգորյանը։ Հովանավորի անունը չի նշվում, սակայն շոշափվում է ստեղծագործության հեղինակ, վերջին շրջանում Հայաստանում «Հռչակավոր» ներկայացված կոմպոզիտոր Ա․ Շորի անունը։

Նրա խոսքով՝ իրենց հետ առաջին հանդիպմանը  թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նշել է, որ հինգ ամիս աշխատավարձ չի ստացել, որ իր գրպանից վճարի, բայց խոստացել է պարտքը մարել մարտի սկզբին։ Ստեղծագործության  կատարման համար նվագախմբի հետ ֆինանսական ոչ մի պայմանագիր չի կնքվել։ «Մենք գրավոր երաշխիք պահանջեցինք Օրբելյանից, որ մարտին գումարը կփոխանցվի։ Հանդիպումից հետո իջանք ներքև և երաշխիքի փոխարեն տեսանք ատեստավորման հրաման։ Այսինքն՝ մեզ տեռոր են անում, որ վախի մթնոլորտ ստեղծվի»։ Նա  նաև սկսեց շահարկվել ՀՀ վարչապետ կնոջ և իր գլխավորած հիմնադրամի անունը։ «Օրբելյանն ասաց, թե Աննա Հակոբյանի հետ պայմանավորվածություն ունի, որ փետրվարի 15-ին համերգից ստացած հասույթը կտրվի նրա հիմնադրամին՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով։ Մենք պատրաստ ենք ցանկացած այլ ներկայացում անվճար նվագել, անձամբ մեր ձեռքով փոխանցել գումարը հիմնադրամին, բայց դա չպետք է վերաբերի «Բյուրեղապակյա դղյակին»»։ Արտիստները փորձել են ինքնուրույն ճշտել այդ լուրի իսկությունը և պարզել են, որ պաշտոնապես նման պայմանավորվածություն չկա։ Օրբելյանի հետ հանդիպումը շարունակվեց նաև այսօր։

ANM-ը իրավիճակը մեկնաբանելու համար դիմեց թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին։ Նա նշեց, որ մարտի սկզբին արտիստներն անպայման կստանան իրենց հասանելիք գումարները և երաժիշտները համաձայնվել են այդ պայմաններին։ «Ինչ վերաբերում է ատեստացիային, ապա դա նախապես ծրագրված է եղել և անցած տարվա դեկտեմբերից պատրաստվում ենք դրան»,-նշեց Կիրակոսյանը։

«Կան իհարկե մարդիկ, որոնք համաձայն են թատրոնի ղեկավարության առաջադրած պայմաններին, բայց նրանց մեծ մասը չի հավատում»,-ասաց Շմավոն Գրիգորյանը։ «Մեր ատեստացիան տեղի է ունենալու մարտ-ապրիլ ամիսներին, բալետի պարողներինը՝ մայիսին։ Այսօր փորձը դադարեցրինք, քննարկումները կշարունակվեն նաև վաղը։ Այսօրվա դրությամբ մենք իրենց առաջադրած պայմաններին ասում ենք՝ ոչ»։