Անցնել բովանդակությանը

· Դասական

Երաժշտարվեստի ոլորտի ներկայացուցիչներին շնորհվել են պետական պարգևներ ու կոչումներ

Երաժշտարվեստի ոլորտի ներկայացուցիչներին շնորհվել են պետական պարգևներ ու կոչումներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ: 

Երաժշտարվեստի ոլորտում ուղեցած ավանդի համար կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանը և Լևոն Չաուշյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով, դաշնակահար, կոնցերտմայստեր Տիհրան Հովհաննիսյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, իսկ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։   

«Անկախությունը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ: Որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ Հայրենիք ունենալու գաղափարը:

Անկախ Հայաստանը երեսուն տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի:Վերջին մեկ տարին ամենածանր էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով ու վերքերով: Պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Երեսուն տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակ: Սակայն 30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները:

Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը, մե՛ր ժամանակը»,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պարգևների հանձնման արարողության ժամանակ: