Անցնել բովանդակությանը

· Դասական

«Հայահավաք»․ շվեյցարահայ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանը կղեկավարի Կամերային նվագախումբը

«Հայահավաք»․ շվեյցարահայ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանը կղեկավարի Կամերային նվագախումբը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00 դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։

Համերգին հնչելու են Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները:

Լյուկ Բաղդասարյանը ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: Առաջին անգամ որպես դիրիժոր ելույթ է ունեցել 21 տարեկանում: Լյուկ Բաղդասարյանը նաև հայտնի դաշնակահար է, սակայն այժմ ավելի շատ դիրիժորությամբ է զբաղվում: Ամեն տարի ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: Լյուկ Բաղդասարյանը ժամանակակից երաժշտություն շատ չի կատարում, նախընտրում է ավանդական դասական երաժշտությունը: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից սիրում է Միրզոյանի և Աճեմյանի արվեստը:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը և կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։