The Independent-ը Կոմիտասի «Սուրբ Պատարագ» սկավառակին տվել է բարձրագույն գնահատական - Armenian National Music (anmmedia.am)
The Independent-ը Կոմիտասի «Սուրբ Պատարագ» սկավառակին տվել է բարձրագույն գնահատական

Հրապարակվել է՝ Հլս 31 2020, 16:34

Հեղինակ՝ ANM Media
The Independent կայքը Կոմիտասի «Սուրբ Պատարագ» սկավառակին տվել է բարձրագույն գնահատական՝ հինգ աստղ։ «Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից ստեղծագործության համերգային կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։ Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ բազմազգ թիմը և Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

«Լատվիայի հրաշալի երգչախմբի այս ձայնագրությունը ներկայացված է նոր՝ խառը ձայների համար արված փոխադրությամբ․ այն ունի մեծ հմայք և ներծծված է ազգային երաժշտությամբ, որից ոգեշնչվել է Կոմիտասը»,-նշում է The Independent-ը։  

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը փոխադրել է ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։ 2019թ․ սկզբին Լատվիայի Ռադիոյի երգչախմբի խմբավար և դիրիժոր Սիգվարդս Կլյավան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ այցելել է Հայաստան՝ Էջմիածին, եղել Կոմիտասի տուն-թանգարանում, հանդիպել կոմիտասագետների՝ հնարավորություն ունենալով առավել մոտիկից ծանոթանալու հայ հոգևոր երաժշտությանը և Կոմիտասի ժառանգությանը։

Ձայնասկավառակը թողարկել է “Delos” ընկերությունը` Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ: