Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ հունվարի 29-ը խորհրդանշական է թանգարանի համար. թանգարանը բացվել է 9 տարի առաջ այս օրը: «Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է: Այն 8 տարիների հետևողական աշխատանք է՝ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների և թանգարանի համագործակցությամբ»,-ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր հերթին նշել է, որ Կոմիտաս Վարդապետի արվեստի նկատմամբ օտարազգի ուսումնասիրողների մեծ հետաքրքություն կա, որից էլ բխել է հավաքածուի գրանցման պահանջը: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:

Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

«Թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար սկսեցինք հատորների տպագրության շարք: Ներկայացված են հայկական ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշ՝ յուրաքանչյուր հատորում առանձին ժանրով և բնորոշ նկարներով»,- ասել է Տաթևիկ Շախկուլյանը: