Անցնել բովանդակությանը

· Դասական

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին
Հունիսի 6-ը կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, ինչպես նաև մրցույթի՝ արտերկրից ժամանած ժյուրիի անդամներ, մասնակիցներ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և դպրոցականներ։

Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթի անցկացումը՝ նշելով, որ այն ուղղված է ոչ միայն երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը, այլև Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակմանը։ Մրցույթը ընդգրկված է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) ցանկում և գործում է WFIMC-ի սահմանած միջազգային չափանիշներին համապատասխան: