Անցնել բովանդակությանը

· Դասական

Ֆրանսիական իմպրեսիոնիզմ, Բեթհովեն, Բերիո և ոչ միայն․ ավարտվեց «Չբացահայտված Եվրոպա» նախագիծը

Ֆրանսիական իմպրեսիոնիզմ, Բեթհովեն, Բերիո և ոչ միայն․ ավարտվեց «Չբացահայտված Եվրոպա» նախագիծը
Նոյեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ «Չբացահայտված Եվրոպա» նախագծի Գալա համերգը։ Համերգաշարը ԿԱՆՏԱՏԱ մշակութային ՀԿ-ի առաջին նախագիծն էր, որն իրականացել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Առնո Բաբաջանյան համերգասրայի գործընկերությամբ։ Եզրափակիչ համերգին աջակցում էր նաև Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը։ Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։

Համերգին մասնակցում էր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, նույն թատրոնի նվագախմբի երաժիշտները՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Եզրափակիչ համերգին հնչել է Անտոնին Դվորժակի «Աստվածաշնչյան երգեր» վոկալ շարքը, որը Հայաստանում հնչեց առաջին անգամ։ Երաժշտագետները խոսելիս այս ստեղծագործության մասին, նշում են, որ «եթե Դվորժակը գրեր միայն այս ստեղծագործությունը, միևնույն է կկոչվեր հանճարեղ կոմպոզիտոր»։

Հաջորդ ստեղծագործությունը քսաներորդ դարի անվանի իտալացի կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի Ժողովրդական երգերի մշակումներն էին, որոնք արվել են հատուկ իր սիրելի կնոջ, աշխարհահռչակ օպերային երգչուհի Քեթի Բերբերյանի համար։ Այս շարքում ընդգրկված են ամերիկյան, ֆրանսիական, իտալական և հայկական ժողովրդական երգերի մշակումներ։

«Բերիոյի Ժողովրդական երգերի մշակումները գրված են մենակատար արտիստների համար և անչափ ուրախ եմ, որ այսօր իմ հետ բեմը կիսում են Օպերային թատրոնի նվագախմբի լավագույն երաժիշտները։ Եվ եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մաեստրո Հարություն Արզումանյանին՝ այս բարդ ծրագիրն իր ուսերի վրա վերցնելու և Ձեզ ներկայացնելու համար»,-իր ելույթում նշեց Վարսենիկ Ավանյանը։

Համերգը եզրափակվեց Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից «Հարի հարալո» ստեղծագործությամբ, որը հատուկ այս նախագծի համար մշակել էր ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը։

Նախագծի բեմադրիչ ռեժիսորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը։ Առաջին համերգը տեղի է ունեցել ապրիլին, հնչել է ֆրանսիական իմպրեսիոնիզմի դարաշրջանի վոկալ-կամերային երաժշտություն, հուլիսին տեղի է ունեցել երկրորդ համերգը, որի շրջանակներում բացահայտվել են Բեթհովենի վոկալ-կամերային ստեղծագործությունները։

Առհասարակ ԿԱՆՏԱՏԱ մշակութային հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից է հայ ունկնդրին ծանոթացնել հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում հազվադեպ կատարվող կամ ընդհանրապես չհնչող տեղծագործություններին։