Ռուզան Մանթաշյանի ելույթը նախատեսված չի՞ եղել Դրեզդենի օպերայում   - Armenian National Music (anmmedia.am)
Ռուզան Մանթաշյանի ելույթը նախատեսված չի՞ եղել Դրեզդենի օպերայում

Հրապարակվել է՝ Հնվ 13 2020, 20:35

Հեղինակ՝ ANM Media
Դրեզդենի օպերայի պարահանդեսի կազմակերպիչները կտրականապես հերքում են այն տեղեկատվությունը, որ երգչուհի Ռուզան Մանթաշյանը իր ազգային պատկանելության պատճառով չի ներկայանա փետրվարի 7-ին Դրեզդենի 15-րդ Semper Opera ball-ում: Դրեզդենի օպերայի կողմից տրված փաստաթուղթը հրապարակել է ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում խոսքով՝ իր քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իր պրոֆեսիոնալ գործունեության վրա:

Փաստաթղթում նշված է, որ Semper Opera ball-ի գեղարվեստական ​​ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը ոչ մի պայմանագիր չի կնքվել Ռուզան Մանթաշյանի հետ `2020-ի փետրվարի 7-ին Semper Opera ball-ում ելույթ ունենալու համար:

Հարկ ենք համարում նշել, որ նույն Հանս-Յոահիմ Ֆրեյը դեռ 2019 թ. դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ ադրբեջանցի երգչի հետ նույն բեմում ելույթ է ունենալու նաև Ռուզան Մանթաշյանը։ 


 Միևնույն ժամանակ Slippedisc կայքի հիմնադիր Նորման Լիբրեխտը նշում է, որ Ռուզան Մանթաշյանը պետք է ելույթ ունենար ամերիկացի տենոր Մայքլ Սփայերսի հետ: Վերջինս հրաժարվել է համերգին իր մասնակցությունից, և Էյվազովին առաջարկվել է ելույթ ունենալ Սփայերսի փոխարեն:  Էյվազովը սկզբում համաձայվել է, սակայն իմանալով, որ զուգընկերուհին ազգգությամբ հայ է, ոչ միայն հրաժարվել է հանդես գալ զուգերգով, այլև պայման է դրել, որ պարահանդեսին ելույթ կունենա միայն այն դեպքում, եթե Ռուզան Մանթաշյանը հեռացվի ծրագրից:

ANM-ը կապ հաստատեց նաև Ռուզան Մանթաշյանի հետ։ Նա նշեց, որ առայժմ այդ հարցի շուրջ չի ցանկանում խոսել։



Լուսանկարը՝ Ռուզան Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից