Անցնել բովանդակությանը

· Դասական

Իզաբել Ֆաուստը կրկին ելույթ կունենա Հայաստանում

Իզաբել Ֆաուստը կրկին ելույթ կունենա Հայաստանում
Grammophone Award, Diapason d’or և այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Համերգը կկայանա մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իզաբել Ֆաուստը կկատարի Բեթհովենի ջութակի կոնցերտը: Նա համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի 8-րդ սիմֆոնիան։  Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704-ին ստեղծած «Քնած գեղեցկուհի» ջութակով:

Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի և Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում։ Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015), համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:   


Լուսանկարը՝ Ֆելիքս Բրոդի