Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Zildjian-ն իր 400-ամյակի կապակցությամբ գործիքներ է նվիրել Հայաստանին

Zildjian-ն իր 400-ամյակի կապակցությամբ  գործիքներ է նվիրել Հայաստանին
Հայտնի Zildjian ընկերությունը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի համահիմնադրած հայկական երաժշտական տեխնոլոգիական ԱԱԱ Աուդիո ընկերության նախաձեռնությամբ, հարվածային գործիքներ է նվիրում Երևանի կոնսերվատորիային և նվագախմբերին իր 400-ամյակի կապակցությամբ:

Պատմական այս նվիրատվությունը ներառում է ավելի քան 20 Zildjian ծնծղաներ, ինչպես նաև տասնյակ այլ հարվածային փայտիկներ, մուրճեր և այլ աքսեսուարներ Zildjian, Vic Firth և Balter ընկերություններից: Վերջիններս ձեռք են բերվել Zildjian-ի կողմից համապատասխանաբար 2010 և 2018 թվականներին:

«Նշելով Zildjian ընկերության 400-ամյակը, մեր ընտանիքը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել իմ պապիկի հայկական ժառանգությանը: Նվիրելով ծնծղաներ Հայաստանի հայտնի կոնսերվատորիային և նվագախմբերին՝ մենք կատարում ենք այն, ինչ պապիկս անշուշտ կցանկանար անել», - ասաց Zildjian ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Քրեյգի Զիլջճյանը, հավելելով. «Ես համոզված եմ, որ հայկական երաժշտական համայնքը կգնահատի այս նվիրատվությունը՝ հայկական անուն կրող ծնծղաները, որոնք այժմ արտադրվում են ԱՄՆ-ում»:
Պատմական հավաքածուն նախատեսված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և հայկական հինգ նվագախմբերի համար, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական կամերային և Հայաստանի պետական ջազ նվագախմբերի համար:

«ԱԱԱ Աուդիո ընկերության առաքելությունն է բացահայտել Հայաստանի երաժշտական ներուժը միջազգային ասպարեզում», - ասաց ընկերության համահիմնադիր և գործառնական տնօրեն Գևորգ Մնացականյանը: ԱԱԱ Աուդիոն մասնագիտացված է երաժշտության արտադրության համար նախատեսված պրոֆեսիոնալ մակարդակի ծրագրերի՝ վիրտուալ ստուդիո տեխնոլոգիա (VST) գործիքների արտադրության, ինչպես նաև ֆիլմերի, հեռուստատեսության և վիդեոխաղերի համար ստեղծագործող պրոֆեսիոնալ կոմպոզիտորների համար հեռահար ձայնագրման ծառայությունների մատուցման ոլորտում:

«Այդ առաքելությունն կյանքի կոչելու համար մենք պետք է համոզված լինենք, որ նվագախմբերին հասանելի գործիքները համապատասխանում են պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կողմից ակնկալվող կատարման որակին»:

«Դժվար է գերագնահատել պրոֆեսիոնալ, բարձրորակ գործիքների կարևորությունը նվագախմբում, որոնք կատարողականության որակի անբաժանելի մասն են: Zildjian-ի նվիրատվությունը հատկապես խորհրդանշական է, քանի որ այն համընկնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի նախօրեին և խոստանում է բարձրացնել երաժիշտներին նոր կատարողական բարձունքների», - ասաց նվագախմբի գլխավոր տնօրեն Նորայր Նազարյանը:

Նվիրատվությունը հնարավոր դարձավ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Ջ. Բարսամյանի և աշխարհում ամենամեծ հայկական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առատաձեռն աջակցությամբ:

«Zildjian ընտանիքն առանձին հաստատություն է երաժշտության աշխարհում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մեզ համար մեծ պատիվ է նրանց աջակցությունը մեծ հայկական ընտանիքի մաս հանդիսացող Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբերին: Ամերիկայի հայկական համագումարը և աշխարհով մեկ սփռված համայնքներն իրենց երախտագիտությունն են հայտնում Zildjian ընտանիքի դարավոր ներդրումների համար», - ասաց պարոն Բարսամյանը:

Գործիքները ներկայացվեցին կոնսերվատորիային և նվագախմբերին պաշտոնական հանձման արարողության ժամանակ, որը կազմակերպվեց ԱԱԱ Աուդիո ընկերության կողմից ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում և որին մասնակցեցին տեղական մամուլի ներկայացուցիչները:

Zildjian-ն իր 400-ամյակի կապակցությամբ գործիքներ է նվիրել Հայաստանին · Armenian National Music