· Դասական
Մարի Կույումջյանը երկրորդ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի
Ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույումջյանը Paper Pianos («Թղթե դաշնամուրներ») մուլտիմեդիա վավերագրական-երաժշտական ստեղծագործության համար առաջադրվել է 69-րդ «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն կամերային երաժշտություն/փոքր անսամբլի կատարում» անվանակարգում։
Մրցանակաբաշխության հավակնորդների անունները Ակադեմիան հրապարակել է 2026 թվականի նոյեմբերի 16-ին։ Ստեղծագործությունն առաջադրվել է Alarm Will Sound կամերային անսամբլի և դիրիժոր Ալան Փիրսոնի կողմից։
Փախստականների և ներգաղթյալների իրական պատմությունների վրա հիմնված ստեղծված Paper Pianos-ն անդրադառնում է տեղահանության, տոկունության, ինքնության և երաժշտության միավորող ուժի թեմաներին։ Ստեղծագործության անվանումը ներշնչված է աֆղան դաշնակահար Միլադ Յուսուֆիի պատմությունից։ «Թալիբան» շարժման ժամանակ նրան արգելվել է երաժշտական գործիք նվագել, ուստի նա ինքնուրույն սովորել է դաշնամուր նվագել՝ թղթի վրա ստեղնաշար նկարելով։
Վավերագրական ձայնագրությունների, անձնական վկայությունների և երաժշտական պարտիտուրի համադրությամբ Կույումջյանը ստեղծել է հուզիչ գեղարվեստական պատում, որը ներկայացնում է բռնի տեղահանության հետևանքով իրենց կյանքը փոխած մարդկանց պատմությունները։ Ստեղծագործությունը միավորում է վավերագրական պատմությունն ու կամերային երաժշտությունը՝ անհատական փորձառությունները վերածելով մարդկային արժանապատվության, տոկունության և հույսի մասին համընդհանուր խոսքի։
Կոմպոզիտորի երկրորդ անգամ է առաջադրվում «Գրեմմի» մրցանակի։ Նախկինում նա առաջադրվել էր «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում՝ Adoration կամերային օպերայի համար, որը ոգեշնչված է անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմերից մեկից։
Paper Pianos-ն արժանացել է նաև միջազգային քննադատների բարձր գնահատականին։ BBC Music Magazine-ը ստեղծագործությունը բնութագրել է որպես «հզոր մուլտիմեդիա աշխատանք՝ փախստականների և ներգաղթյալների խնդիրների մասին»՝ առանձնացնելով վավերագրական ձայնագրությունների և Alarm Will Sound անսամբլի կատարած երաժշտական պարտիտուրի ներդաշնակ համադրությունը։ Պարբերականը ստեղծագործությունն անվանել է մեծ վարպետությամբ, ազնվությամբ և երևակայությամբ իրականացված աշխատանք։
69-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսում։