Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ World Folk Vision-ի հաղթող - Armenian National Music (anmmedia.am)
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ World Folk Vision-ի հաղթող

Հրապարակվել է՝ Հլս 01 2020, 10:12

Հեղինակ՝ ANM Media
Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։ 

«Շատ ուրախ եմ, որ միակն եմ, որ ներկայացել եմ քանոն նվագարանով ու կարող եմ ասել, որ Հայաստանի հանդեպ հարգանքը շատ մեծ է թե՛ մասնակիցների և թե՛ ժյուրիի կողմից։ Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ նամակներ եմ ստացել, ինչը  շատ ուրախալի է»,-
ANM-ին եզրափակչից առաջ ասել էր քանոնահարուհին։ 

World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վ․ Պիսկուրևը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին,  բացառիկ վարպետությամբ և արտիստությամբ գերել է աշխարհի ամենամեծ  մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։

Armenian National Music-ը շնորհավորում է քանոնահարուհուն փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր վերելքներ։