Անցնել բովանդակությանը

· Դասական

«Ալմաստ»․ Սպենդիարյանի կարապի երգը

«Ալմաստ»․ Սպենդիարյանի կարապի երգը
«Ալմաստ» օպերան հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող ստեղծագործություն է, որը գրվել է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա: Օպերայի վրա կոմպոզիտորն աշխատել է կյանքի վերջին 10 տարիների ընթացքում՝ 1918-1928 թվականներին: Օպերայի սյուժեն ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի՝ 1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։ «Ալմաստ» օպերայի լիբրետոն գրել է Սոֆյա Պառնոկը:

Օպերայի ստեղծման պատմության հետ կապված հետաքրքիր մանրամասնությունների հետ ենք ծանոթանում Նվարդ Թումանյանի հուշերից. «Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:

Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել: Բայց ծանոթանալուց հետո նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». կոմպոզիտորը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ սյուժեն փոքր էր: Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորությւոն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը»:

Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլումէր ու արտասանում. «Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…», և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա:

Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:

… Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար»՝ իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը» փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով»:

Այս հուշը մեզ ամբողջական պատկերացում է տալիս, թե ինչպես է ընտրվել հենց այդ սյուժեն, ինչու է օպերան անվանվել «Ալմաստ»: Օպերան բաղկացած է 4 գործողությունից:

««Ալմաստը» ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը: Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին: Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ: Թող որ այն մնա սերունդներին»,-չ Մարտիրոս Սարյան:

Տեքստը տրամադրել է Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանը
Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի

«Ալմաստ»․ Սպենդիարյանի կարապի երգը · Armenian National Music