· Ջազ
«Մենք ու Մունք». հայ ինքնության ջազային հայելին…
Նոյեմբերի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի «Մենք ու Մունք» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը, որը համաճարակի և պատերազմի ճգնաժամային կիզակետում արվեստի հզոր ներուժի պոռթկումներից էր: Համերգը սպասված էր և ձևավորել էր հուզական գերզգայուն մթնոլորտ:
«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն»
Կոմիտաս
Ինքնության պահպանման գոյամարտերը կարմիր թելով անցնում են սերընդեսերունդ հայերի տարաբնույթ ճակատագրերի միջով, իսկ այդ ինքնագոյությունը պահարկող առանցքը եղել և մնում է մշակույթը, այդ թվում՝ երաժշտարվեստը:
Շուրջ ինը տասնամյակի պատմություն ունեցող Հայաստանի պետական ջազ նվագախումբն այն մշակութային ինստիտուտներից է, որը շարունակաբար աշխատում է՝ ծավալելով ստեղծարար, կրթական և լուսաբանական գործունեություն:
Վերջին տարիների ընթացքում նվագախմբի անդրադարձը հայ երաժիշտների ստեղծագործություններին ստացել է պարբերական բնույթ, որով պայմանավորված այն ձևավորել է հայ երաժշտության հարուստ ընտրանի:
Պահը հասունացել էր և Հայաստանի պետական ջազ նվագախմբի շարժառիթն էր հայ կոմպոզիտորական դպրոցի արվեստի ընդգծումը, ինչը դարձել է նվագախմբի համար կարևոր հոգևոր և մշակութային առաքելություն. այն է՝ պարբերաբար ունենալ համերգներ՝ նվիրված հայ դասականներին, և ձայնագրել ձայնասկավառակ:
2020 թ.-ի ամռանը համաճարակով պայմանավորված համերգային դադարը նվագախումբն օգտագործեց ի նպաստ նոր ալբոմի աշխատանքների. սկսվեցին ձայնասկավառակի ձայնագրությունները, որոնք սակայն, դադարեցին սեպտեմբերին՝ Հայաստանի համար պատերազմական ծանրագույն ճգնաժամային շրջափուլում:
Թերևս, պատերազմն ու հետպատերզմական հետևանքները, Արցախի մասնակի կորուստը է՛լ ավելի լուրջ խթան հանդիսացան մտորելու և անհապաղ վերադառնալու աշխատանքներին: Առաջնային էր կարևորել հայ հեղինակներին, ներկայացնել հայի երաժշտական ինքնությունը և արվեստի ներուժով ի ցույց դնել Հայաստանի և Արցախի միասնականության կենսական նշանակությունն ի լուր աշխարհի:
Ի սկզբանե, ձայնասկավառակը պետք է կրեր «Մենք ու Մենք» մտերմիկ և անմիջական խորագիրը: Ինչպես նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը՝ «Մենք ու Մենք ենք, ստեղծագործողներն էլ են հայ, գործիքավորողներն էլ, կատարողներն էլ»:
Այդուամենայնիվ, պատերազմից հետո նվագախմբի հայեցակարգը ստանձնեց միավորող կամրջի իմաստային գործառույթ և վերափոխվեց «Մենք ու Մունք»-ի՝ շեշտադրելով Հայաստանի և Արցախի հարատև միասնության խորհուրդն ու ազգային ինքնության չպառակտված, կուռ գաղափարը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբ. պատմության հետքերով
20-րդ դարի առաջին քարորդ. Երևան, կառուցապատվող «վարդագույն քաղաք», քաղաք-այգի, հայրենադարձներ և բազմամշակութային ստեղծարար խմորումներ: Այս արվեստածին մթնոլորտում պետք է ադապտացվեր 20-րդ դարի համաշխարհային արվեստի ամերիկյան առաջին լուրջ ավանդը՝ ջազը, և Հայաստանում այդ առաքելությունը տրված էր Հայաստանի պետական ջազ նվագախմբին:
Շատ արագ, Երևանի երաժշտական կերպարանքն ընդունեց ջազային երանգավորում, քանզի մայրաքաղաքի թամանյանական կառուցապատումն ու ջազային արվեստի ձևավորումը զուգահեռ էին ընթանում՝ մեկը մյուսից ազդվելով, մեկը մյուսի մեջ արտացոլվելով:
Նոր Երևանին անհրաժեշտ էր երաժշտական ժամանակակից դիմագիծ, որը քաղաքն ընդունեց ջազային-էստրադային կերպավորմամբ:
Այսպես սկսվեցին հայկական ջազի ձևավորման ավանդույթները, որոնք անմիջականորեն կապվում են խորհրդային մշակութային քաղաքականության հետ՝ ձևով ազգային, բնույթով՝ խորհրդային: Ուստի, այդ համատեքստում, 1938 թ.-ի ապրիլի մեկին ստեղծվում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը և նրա հետ մեկտեղ ջազի պատմությունը Հայաստանում: Հիմքում ազգային մելոսն ու ռիթմերն էին:
Նվագախումբ անցնում է երկար ու ձիգ ստեղծագործական տասնամյակներ, վերապրում պատերազմի ու խաղաղության փուլեր, վայելում լսարանի սերն ու վաստակում համաշխարհային ճանաչում, ինչպես նաև կրթում մի քանի երաժշտական սերունդներ:
Հիմքում իրենց աշխատանքով միշտ կանգնած են եղել նվագախմբի չորս գեղարվեստական ղեկավարները. հայ էստրադայի և նվագախմբի հիմնադիր Արտեմի Այվազյանը, շուրջ քառասունամյա գործունեություն ծավալող և նվագախմբին համաշխարհային ճանաչում բերող Կոնստանտին Օրբելյանը, անկախության տարիներին «ազատություն» և ամերիկյան ջազային ոճ փոխանցող Արմեն Մարտիրոսյանը և Արմեն Հյուսնունցը, ով վերջին տասնամյակի ընթացքում ակտիվացրեց և այլ մակարդակի հասցրեց նվագախմբի համերգային գործունեությունը, կատարողական որակը, հագեցրեց նվագախմբի երկացանկը համաշխարհային ջազի նմուշներով, իսկ գաղափարային հիմնաքարը դարձրեց հայ երաժշտության շեշտադրումը:
«Ջազը մտածելակերպ է և յուրաքանչյուր մշակույթում այն պետք է արտահայտի տվյալ ազգի երաժշտական լեզուն և հնչերանգը» Արմեն Հյուսնունց
Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող, մանկավարժ, անհատ, ով երաժիշտ դառնալու ձևավորման, կերտման ճանապարհն անցել է ոչ միայն համաշխարհային երաժշտության ժառանգությունից սերվելով, այլև մշտապես օգտվելով և իր արվեստի հիմքում ունենալով ազգայինը:
Ստեղծել և հմտացել է դասականի և ջազի սահմանագծին՝ չունենալով երաժշտության հանդեպ ժանրային սահմանափակումներ, խտրականություններ և կարծրատիպեր:
Նվագացանկում ունենալով ջազային ստանդարտների մեծ պաշար, այնուհանդերձ, երաժշտության մեջ դիվանագետ է, միշտ բաց տարաբնույթ համագործակցությունների և փնտրտուքների առաջ, կարևորում է անհատականությունն ու սեփական ասելիքը:
Հայաստանում էթնո-ջազ ոճի առաջատար ներկայացուցիչներից է, ելույթ է ունեցել և համագործակցել մի շարք հայ և համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ, այդ թվում՝ Ջո Զավինուլ, Արտուրո Սանդովալ, Ռիչարդ Բոնա, Ադամ Ռապան, Լարս Դանիելսոն, Արտո Թունջբոյաջյան, Արմեն Դոնելյան, Վարդան Օվսեփյան, Տիգրան Համասյան և այլոք:
Հայ լսարանին հայտնի է «Time Report»,«Armenian Navy Band», «Շարակ», «Artasax» և մի շարք այլ երաժշտական խմբերից:
Վերջին տասնամյակում հանդես է գալիս որպես Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար:
Հյուսնունցի համագործակցությունները նվագախմբի հետ սկսվել են մի քանի տասնամյակ առաջ. դեռևս Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության տարիներին, երբ նա, լինելով երիտասարդ կատարող, նվագում էր նվագախմբում, ապա՝ Արմեն Մարտիրոսյանի գեղարվեստական ղեկավարության ժամանակ: Այդ տարիներին նա հանդիսանում էր նվագախմբի երաժշտական ղեկավարն ու մենակատարը:
Մեծ կատարողական ավանդն ու նվագախմբի հետ տարիների աշխատանքի փորձառությունը մաեստրոն փոխանցում է ջազ նվագախմբի անընդհատ երիտասարդացող սերնդին, ինչի արդյունքում նվագախումբն այժմ ներկայանում է համաշխարհային երաժշտական ամենահեղինակավոր բեմահարթակներում, փառատոներում՝ բարձր պահելով հայ ջազի վարկանիշը:
Անգամ տարիներ անց, այս նվագախմբի այցեքարտը ազգային մեղեդային հումքն է, իսկ նվագախումբը շարունակում է մնալ հայ ջազի խորհրդանիշ և «ողնաշար»:
«Մենք ու Մունք»
«Մենք ու Մունք»-ում ընդգրկված յուրաքանչյուր հնչյունային թրեք ներկայացնում է հայ երաժշտության որևէ շրջան, մշակութային շերտ, տրամադրություն:
Ձայնասկավառակում զետեղված ինը ստեղծագործությունները տարբեր սերնդի հայ կոմպոզիտորների հին ու նոր երկերի ջազային մեկնաբանումներ են: Դրանց թվում են թե՛ հայ դասականների կոմպոզիցիաների ջազային մշակումները, և թե՛ միջին սերնդի հայ ջազի ներկայացուցիչների տարբեր տարիների աշխատանքներ:
Ավանդույթներից հետ չմնալով, անդրադարձ է կատարվել Կոմիտասին և Արամ Խաչատրյանին, Ալեքսանդր Հարությունյանին և Առնո Բաբաջանյանին, հեղինակային երգի վարպետ Ռոբերտ Ամիրխանյանին, ինչպես նաև ջազի մեր օրերի առաջատար երաժիշտներ Արտաշես Քարթալյանին, Վահագն Հայրապետյանին և Արմեն Հյուսնունցին:
Կարևոր է շեշտել ստեղծագործ թիմի գործիքավորողներին, որոնց աշխատանքները հանդիսանում են ալբոմի երաժշտական ձեռագրի առանցքը: Ձայնասկավառակում ընդգրկված երկերի գործիքային մեկնաբանումներն են արել կոմպոզիտոր, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը («Քարավան»), ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանը («Լավ բան»), սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը («Տոնական», «Կեսկատակ»):
Առանձնահատուկ ուշադրության են արժանի ալբոմի նվագացանկի այլ գործիքային մեկնաբանությունները, որոնք հիմնականում կատարել է ազգությամբ կիսով չափ հայ Պավել Կլիմաշևսկին: Վերջինս լինելով կոմպոզիտոր, կոնտրաբասահար և գործիքավորման բնագավառում առաջատար մասնագետ, հմտորեն պահպանել է կոմպոզիտորների երաժշտական և գաղափարային ասելիքը, միևնույն ժամանակ բացահայտել ստեղծագործությունների «անտեսանելի» ռեսուրսները և ընդգծել հայկական մեղեդայնությունը:
«Տոկատա»
Ալբոմի մեկնարկային պիեսն է Արտաշես Քարթալյանի «Տոկատան»: Քարթալյանի ստեղծագործությունները նման են ժողովրդական երգերի խտացված հյուսվածքների, որոնք առաջին հայացքից թվում են ժողովրդական երգեր, սակայն, իրականում հեղինակային գործեր են՝ ներշնչված հարուստ ազգային երաժշտական պահոցից:
Պավել Կլիմաշևսկու մշակած տարբերակում առավել վառ է դրսևորվել Քարթալյանի ոճին բնորոշ երաժշտական այլազանությունը, որը նվագախմբային կատարման մեջ լայնամասշտաբ բացահայտում է պիեսի հնչյունային հրավառությունը: Տարաբնույթ գործիքների տեմբրալ երանգավորումներն ընդգծում են ժողովրդական մեղեդայնությունը: Դաշնամուրային գիծը շեշտադրում է ստեղծագործության խաղը նվագախմբի հետ, որտեղ դաշնակահար Վահագն Հակոբյանի մենանվագում մի կողմից պահպանվում է տոկատի բնույթը, մյուս կողմից՝ հաղորդում նրան անհատական մոտեցում և ժամանակակից իմպրովիզացիոն տարատեսակություն:
Արման Մնացականյանի կատարմամբ թմբուկների մենանվագը, հայկական բարձրավանդակին բնորոշ ռիթմիկ հագեցվածությամբ, խախտում է այդ դիալոգը, ինչն ամբողջական է դարձնում ողջ ստեղծագործության հայկականությունը:
«Գարնանային կաթիլներ»
Հաջորդիվ «Գարնանային կաթիլներ» ստեղծագործությունն է, որը Ամիրխանյանի արվեստում սակավ գործիքային երկերից է: Այն մեղեդայնությամբ հարուստ պիես է. 70-ականներից եկող հայ լսարանին շատ հայտնի երևանյան երաժշտական գարնան զարթոնքի մի հուշ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պ. Կլիմաշևսկու գործիքավորումը, ինչը կարծես նոր կյանք է շնորհել այս կոմպոզիցիային: «Կաթիլները», որն ուներ մեծ ճանաչում, սիրված էր լայն շրջանակներում, բացահայտվեց այլ՝ ավելի հարուստ նվագախամբային և ջազային հարմոնիաներով:
Սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի երգեցիկ մենանվագներով հարստացվեց պիեսի մեղեդայնությունը, ինչը պահպանեց Ամիրխանյանի երաժշտությամբ գարնանային տպավորություն ստեղծելու միտումը: Իսկ նվագախմբի փողային գործիքների բազմազանությունը է՛լ ավելի տպավորիչ և պատկերավոր դարձրեց կոմպոզիտորի նկարագրած հալոցքը:
«Տոնական»
«Տոնականը» Արմեն Հյուսնունցի երկերից առաջինն է, որն ընդգրկվել է ալբոմում:
Ստեղծագործության անվանումը կարծես հուշում է բնույթը՝ այն տոնական է և իսկապես հիշեցնում է ավանդական ծեսերի տոնակատարություն: Երաժշտության ծիսականության գիծը հաճախ հանդիպող միտում է Արմեն Հյուսնունցի արվեստում: Հետագայում այս գիծն արտահայտվեց Հյուսնունցի մեկ այլ գործիքային երկում՝ «Ծաղկազարդ» անվանմամբ:
Դուդուկի, բլուլի առկայությունը հարվածայինների նվագակցության ներքո է՛լ ավելի են ամրապնդում տոնականության տրամադրությունը, խտացված ներկայացնում աշխարհիկ ծիսականության ավանդույթները, իսկ նվագախմբային բազմաշերտ թեման կարծես նկարագրում է ժողովրդական այդ արարողակարգի ընթացքում հավաքված հանրույթը:
«էքսպրոմտ»
Չափազանց հուզական է Առնո Բաբաջանյանի գրչին պատկանող «Էքսպրոմտ» դաշնամուրային երկի ջազային տարբերակը:
Բաբաջանյանի Էքսպրոմտը ինքնին հայ ժողովրդական երաժշտությունից տպավորված, ազգային քնարերգական հնչողությամբ ստեղծագործություն է:
Ակնառու է գործիքավորման մոտեցումը, որն ունի «հարց ու պատասխանի» տրամաբանություն: Նման կառուցվածքը բնորոշ է թե՛ մեր ազգային երաժշտությանը, և թե՛ ջազային արվեստին, ինչը հայ երաժշտության և ջազի մտերմության ևս մեկ փաստերից է:
Ողջ ստեղծագործության հիմքում դաշնամուրային մենանվագի և նվագախմբի իրար հաջորդող ֆրազների և դրանց իմպրովիզացիոն զարգացումների խաղն է:
Ուշագրավ է նաև նվագախմբի հնչյունային երանգավորումը, որը կրկին հնարավորինս մոտեցվել է ազգային հնչողությանը և որոշակի խորհրդանշական աղերսներ ունի զուռնայի հետ:
Եթե փորձենք ստեղծագործության այս մեկնաբանմանը տալ սիմվոլիկ ձևակերպում, ապա կստացվի, որ «Էքսպրոմտի» մեկնարկը բաբաջանյանական նվագի բնօրինակով հարգանքի տուրք է կոմպոզիտորին, իսկ նվագախմբային ժամանակակից ջազային մեկնաբանումը փաստում է ստեղծագործության արդիականությունը:
«Հաբրբան»
«Հաբրբանը» ժողովրդական երգերում ընդունված դիմելաձև է, օրինակ՝ տղան ասում է «Հաբրբան», աղջիկը պատասխանում է՝ «Ջանե՜, ջան»:
Հետաքրքիր կերպով ջազային մշակումը, որը կատարել է Պավել Կլիմաշևսկին, արվել է նույն դիալոգային սկզբունքով՝ պահպանելով ժողովրդական երգի կոմիտասյան մեկնաբանումը:
Կոմիտասի կողմից մշակած հանրահայտ «Հաբրբանը» սիրային կատակերգ է, զույգերի կոկետային հուզականությամբ, որը վերածվել է նվագախմբի և մյուս գործիքների միջև երաժշտական երկխոսության:
Մեղեդային գիծը ներկայացվում է հատվածաբար, ջազին բնորոշ հղումային (цитата) ձևաչափով, ինչը լայն հնարավորություն է տալիս նվագախամբին յուրովի բացահայտել երկը: Կատակերգի տրամադրությունը լսարանին է փոխանցվում կիթառի և շեփորի հիշվող մենանվագներով, որը վարպետորեն կատարում են կիթառահար Արթուր Սողոյանը և շեփորահար Դանիել Մելքոնյանը:
«Քարավան»
Նախորդ դարի 30-50-ական թվականներին «Քարավանի» թեման առանցքային դիսկուրսներից էր դարեր շարունակ «մետաքսե ճանապարհի» մի մասը կազմող, Արևմուտքի և Արևելքի միջև ընկած Հայաստանի համար: Մյուս կողմից, թեմատիկ գիծը ստացել էր նաև այլ իմաստ՝ պայմանավորված հայրենադարձների երկրորդ մեծ ալիքի ներգաղթով և դարձել էր դրսից վերադարձող հայերի խորհրդանիշը:
Ալեքսանդր Հարությունյանի 1956 թ.-ին գրված «Քարավանը» երկար տարիներ եղել է հայ ջազարվեստի այցեքարտերից մեկը՝ ամփոփելով վերը նշված իմաստային միասնականությունը և խորհրդանշելով ազգին բնորոշ «գաղթի քարավանը»:
Մարտին Ուլիխանյանի անդրադարձը այս ստեղծագործությանը կապված է լեգենդար շեփորահար Արտուրո Սանդովալի Հայաստան այցի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգի հետ: Այդ իսկ պատճառով, կլարնետի հանրահայտ մենանվագը փոխարինված է շեփորով: Շեփորի պրոֆեսիոնալ և արևելյան վառ գիծը ներկայացվում է շեփորահար Տիգրան Ավագյանի կատարումով:
«Լավ բան»
Վահագն Հայրապետյանը, լինելով ամերիկյան դասական ջազի մեծ գիտակ, բոփի անկրկնելի վարպետը Հայաստանում, միևնույն ժամանակ իր ստեղծագործական գործունեության մեջ կարևոր տեղ է տալիս երաժշտական տարբեր ժանրերի հետ փորձառություններին, իսկ մեղեդային վառ ու հյութեղ գույները սերվում են հայ ժողովրդական երաժշտությունից: «Լավ բանը» այդ էքսպերիմենտալ համագործակցության արդյունքում ստեղծված կոմպոզիցիաներից է: Ի սկզբանե, ստեղծագործությունը գրվել է ջազ-ֆանկ ոճի «Կատուներ» խմբի համար, որն ուներ մեծ ճանաչում:
Հետագայում, Հայրապետյանի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի պարբերական բնույթ ստացող համագործակցությունների շրջանակում ստեղծագործությունը գործիքավորվեց մեծ նվագախմբային կազմի համար:
Այն ժողովրդական և ջազային երկխոսություն է, որը տեղի է ունենում ջազ նվագախմբի և ազգային նվագարանների միջև (զուռնա, բլուլ): Հստակ հայրապետյանական ձեռագրին բնորոշ կոմպոզիցիա է, մոդեռն և միևնույն ժամանակ «ժողովրդի ծոցից ծնված»: Հետաքրքիր է կոմպոզիցիայի ավարտական ֆրազան՝ ընդգծված արևելյան, քաղաքային ֆոլկլորին հատուկ ոճով:
«Օրորոցային»
«Ես ականատես եղա մեր երկրում ջազի ձևավորմանը, և դրա ձեռքբերումներն ինձ համար թանկ են։ Չկրկնելով այն, ինչ արդեն կար այս ժանրում, նրանք ջանում էին նոր ինտոնացիոն բովանդակություն բերել ջազի մեջ, ելնելով մեր երաժշտական մշակույթի ավանդույթներից։»
Արամ Խաչատրյան
Այս նախադասությունը համապարփակ ցույց է տալիս Խաչատրյանի վերաբերմունքը առ ջազ և ջազային մշակույթում ազգային երաժշտության կիրառման հանդեպ:
Խաչատրյանի «Օրորոցայինը» հանրահայտ «Գայանե» բալետից, ինքնին ունի երաժշտական հղում՝ վերցրած «Չեմ կըրնա խաղալ» ժողովրդական երգից:
Ջազ նվագախմբի համար կատարված գործիքավորման մեջ պահպանված է Խաչատրյանի ճանաչելի հարուստ հարմոնիկ հնչերանգն ու կոմպոզիտորին հատուկ մասշտաբային դրամատուրգիկ կառուցվածքը: Օրորոցայիններին բնորոշ մեղմիկ բնույթն ընդգծվում է Արմեն Հյուսնունցի սոպրանո սաքսոֆոնային մենանվագով:
«Կեսկատակ»
Ինչպես նշում է կոմպոզիցիայի հեղինակ Արմեն Հյուսնունցը՝ ամեն կատակի կեսը կատակ է, իսկ մնացյալը՝ ճշմարտություն:
«Կեսկատակը» գրվել է հատուկ Հայաստանի ջազ նվագախմբի համար և երկար տարիներ արդեն վայելում է հանդիսատեսի սերը: Գործիքային մրցույթի դուրս եկած տրոմբոնի և սաքսոֆոնի իմպրովիզային «վեճը» կարծես ամփոփում է նվագախմբային պոլիֆոնիկ բազմաշերտությունը՝ ընդգծված վառ հայկականությամբ:
Առանձնանում է ռիթմիկ և հարմոնիկ երաժշտական տարաբնույթ պատկերներով, հավակնում է լինել յուրաքանչյուր համերգի եզրափակիչ վառ ստեղծագործություն:
Ընդհանրացնելով, կարելի է ընդգծել ձայնասկավառակում տոնական, պարային, ռիթմիկ տրամադրությունների շեշտադրումը, ժողովրդական գործիքների և հայկականության ցուցադրումը, գաղափարի միասնականությունը, որն ամփոփում է հայ մշակույթի տարբեր շերտեր:
Ձայնասկավառակը ձայնագրվել է Հայաստանում, հնչյունային ռեժիսորներն են նվագախմբի պրոդյուսեր Արտյոմ Նաղդյանը և կիթառահար Արտուր Սողոյանը: Երաժշտական ձևավորումը կատարվել է NOBLE SOUND STUDIO-ում (Marco Breidenbach):
Գաղափարի վիզուալիզացիան
Երաժշտանյութի գաղափարային ուղերձին վիզուալ ամփոփում է տալիս շապիկի դիզայնը, որը նկարիչ Արարատ Մինասյանի ստեղծագործական մեկնաբանությունն է:
Այն ներշնչված է հայ ոչ նյութական, հոգևոր արվեստից. հիմքում Ապարանի Սուրբ Խաչի գողտրիկ վիտրաժից ստացած տպավորությունների, Հայկ նահապետի (հայ առաքելական ինքնության հիմնադիր), Արցախի և հայաստանյան տաք նրբերանգների միահյուսված հավաքական խորհրդանիշերի արտացոլանքն է:
Հայկական, արևոտ ու վառ, կարծես Սարյանի ու Մինասի արվեստից ծնված գույները ալբոմի պաստառին փոխանցում են նվագաձայնության գունավառ տրամադրություններ:
Լսարանին…
Նախագիծն ունի հեռանկարային միտումներ. ներկայացնել միջազգային երաժշտահարթակում հայ երաժշտությունը, որը մեր օրերում առաջնակարգ առաքելություն է և ունի թե՛ պետական և թե՛ մասնավոր աջակցության կարիք:
Իր տեսակով նվագախումբը շատ ինքնատիպ է: Աշխարհի մակարդակով շատ չեն այն նվագախմբերը, որոնք բացի համաշխարհային ջազային հարուստ երկացանկից, կարող են ներկայանալ ազգային նրբերանգներով և ձեռագրով:
Հեղինակ՝ Ռիմա Տիգրանյան