Անցնել բովանդակությանը

· Դասական

Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Պուչինիի փառատոնում

Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Պուչինիի փառատոնում

Հուլիսի 31-ին Իտալիայի Տորրե դել Լագո քաղաքում անցկացվող հեղինակավոր Պուչինիի փառատոնի շրջանակներում կկայանա Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի երկրորդ կատարումը, որտեղ Սկարպիայի դերակատարմամբ հանդես կգա բարիտոն, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանը։

Ներկայացման գլխավոր դերերում հանդես կգան նաև լեհ սոպրանո Էվա Պլոնկան (Ֆլորիա Տոսկա) և իտալացի տենոր Վիտորիո Գրիգոլոն (Մարիո Կավարադոսի)։

«Միջազգային ճանաչում ունեցող Գևորգ Հակոբյանը, որն աչքի է ընկնում իր հզոր բարիտոնով և ազդեցիկ բեմական ներկայությամբ, տարիներ շարունակ ելույթ է ունեցել աշխարհի առաջատար օպերային բեմերում՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, Վերոնայի Արենայում, Հռոմի Օպերայի թատրոնում, Թուրինի Թագավորական թատրոնում և այլուր։

Նրա հարուստ խաղացանկում ընդգրկված են համաշխարհային օպերային արվեստի ամենանշանակալի կերպարները, այդ թվում՝ Ամոնասրոն («Աիդա»), Շարփլեսը («Մադամ Բաթերֆլայ»), Պաոլո Ալբիանին («Սիմոն Բոկկանեգրա») և Սկարպիան («Տոսկա»)։ Վերջինս համարվում է օպերային գրականության ամենաբարդ ու հակասական կերպարներից մեկը՝ մարմնավորելով իշխանության, բռնության և անզուսպ հավակնությունների մութ կողմը։

Գևորգ Հակոբյանի մասնակցությունը Պուչինիի անվան միջազգային հեղինակավոր փառատոնին հերթական անգամ ընդգծում է հայ օպերային արվեստի բարձր ներկայությունն ու ճանաչումը համաշխարհային երաժշտական բեմերում»,-նշված է փառատոնի տարածած հայտարարության մեջ։