Անցնել բովանդակությանը

· Դասական

Ժան-Պոլ Գասպարյանը և Բեռնի սիմֆոնիկը ձայնագրել են Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը

Ժան-Պոլ Գասպարյանը և Բեռնի սիմֆոնիկը ձայնագրել են Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը
Ֆրանսահայ դաշնակահար, Steinway-ի արտիստ Ժան-Պոլ Գասպարյանը և Բեռնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ստեֆան Բլյունիերի ղեկավարությամբ ձայնագրել են Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» ստեղծագործությունը։ Ինչպես նշված է դաշնակահարի էջում՝ ձայնասկավառակում տեղ են գտել նաև Ռախմանինովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը։ 

«Երեք ձայնագրություններից երկուսը նվիրելով Ռախմանինովի երկացանկին, նրա գլուխգործոց երկրորդ կոնցերտը, որի վրա աշխատել,  կատարելագործվել եմ ավելի քան տասը տարի, իմ կողմից միանգամայն բնական ընտրություն է և երկար անձնական փնտրտուքների գագաթնակետ։ Մյուս կողմից, ես նաև հպարտ եմ, որ ներկայացնում եմ Բաբաջանյանի «Հերոսական բալլադի» առաջին ձայնագրությունը արևմտյան նվագախմբի հետ։ Հուսով եմ, որ այս ձայնասկավառակը կնպաստի երաժշտասերների շրջանում այն ավելի հայտնի դարձնելուն և կօգնի լույս սփռել  Բաբաջանյանի ստեղծագործական ինքնատիպ ժառանգության վրա»,-ասում է դաշնակահարը։ Ձայնասկավառակը թողարկել է Claves Records-ը:   

Ժան-Պոլ Գասպարյանը
ելույթ է ունեցել Ազգային Իլ դը Ֆրանս նվագախմբի, Բրեմենի ֆիլհարմոնիկի, Ռոբերտ-Շուման, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիայի, Musikkolegium Winterthur-ի, Սերբիայի հեռուստառադիո նվագախմբի, Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի, Կաննի նվագախմբերի հետ՝  կատարելով Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները: