Անցնել բովանդակությանը

· Դասական

Մալեր, Ռավել, Շուման, Բրամս․ Ազգային ֆիլհարմոնիկի գալիք համերգները

Մալեր, Ռավել, Շուման, Բրամս․ Ազգային ֆիլհարմոնիկի գալիք համերգները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացնել համերգներ, որոնք կատարողական բարձր չափանիշ են սահմանում և մշակութային իրադարձություն են ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար:

Փետրվարի 15-ին Ազգային ֆիլհարմոնիկի և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ կհնչի Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: 

Այդ օրը որպես մենակատարներ հանդես կգան համաշխարհային մեծ համբավ ունեցող, հայաստանյան ունկդրի կողմից սիրված, մեր հայրենակցուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան:

Մալերն իր 2-րդ սիմֆոնիայի ընթացքում փնտրում է կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության և դրա հանդեպ մարդու անզորության զգացմունքները: Իսկ ստեղծագործությունն ավարտվում է հետևյալ պոետիկ խոսքերով. «Դու հարություն կառնես, այո՛, կարճատև քնից հետո հարություն կառնես մոխրից»: Սկզբում այն հազիվ լսելի հնչում է cappella երգչախմբի մոտ, այնուհետև հնգաձայն երգչախմբի հզոր ունիսոնում և վերջապես նվագախմբում փայլատակում է որպես հիմն ստեղծագործական անմահության, հիմն հավիտենական կյանքի:

Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը, որը նույնպես նշանակալից իրադարձություն է, կկայանա Փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ: Պետրենկոն մեր ժամանակների ամենապահանջված դիրիժորներից է: Նա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Ծրագրում կհնչի Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա):
Մարտի 2-ին կկայանա աշխարհահռչակ, տիտղոսակիր ջութակահար, մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանի սպասված համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շումանի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: